Հայտնի է դարձել Ֆրանսուա Օլանդի թուրքական այցի ժամկետը
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կայցելի հունվարի 27-28-ին: Երկօրյա այցի շրջանակներում պլանավորված է քննարկել երկկողմանի հարաբերությունների զարգացման, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և Սիրիական ճգնաժամի հարցերը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արդյունաբերական վերածնման նախարար Առնո Մոնտեբուրը հայտարարել էր, որ Ֆրանսուա Օլանդը մեկնելու է Թուրքիա, սակայն չէր հստակեցրել այցի ժամկետը: Թուրքիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը հանդիսանում է Ֆրանսուա Միտերանը, ով Թուրքիա է այցելել 1992 թվականին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 2011 թվականին այցելել էր Թուրքիա, սակայն այցից առաջ նա ընդգծել էր, որ Թուրքիա է այցելում ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ՝ որպես G-20-ի նախագահ: Դա խստապես զայրացրել էր թուրքական կողմին և Սարկոզիին դիմավորել էին շատ ցածր մակարդակով՝ Անկարայի քաղաքապետով: