
Իսլամ Կարիմովի դուստրը հրաժարվել է նախագահական հավակնություններից

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Կարիմովան հրաժարվել է նախագահական հավակնություններից: Այդ մասին նա գրել է Twitter-ում: Նա ընդգծել է, որ իրեն չի համարում քաղաքական գործիչ:
Գուլնարան իր անհամաձայնությունն է հայտնել իր կողմնակիցներից մեկին, որը գրել էր, թե Ուզբեկստանը պետք է ղեկավարի Գուլնարան, քանի որ «արևելյան կինը տղամարդուց ավելի իմաստուն է»: Կարիմովի դուստրը վստահեցրել է, որ երբեք ոչ ոք չի քննարկել և չի քննարկում իր նախագահության հարցը՝ ընդգծելով, որ նախագահի պաշտոնը ժողովրդի կողմից ընտրված ուժեղ տղամարդու համար է:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Գուլնարա Կարիմովան դիտարկվում է որպես գործող նախագահ, 75-ամյա Իսլամ Կարիմովի (իր հոր) հնարավոր իրավահաջորդ: Իսլամ Կարիմովն Ուզբեկստանը ղեկավարում է դեռևս խորհրդային ժամանակներից:
Օրեր առաջ ուզբեկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսլամ Կարիմովն անվայելուչ պահվածքի համար ծեծի է ենթարկել իր դուստր Գուլնարային, ինչը շաղկապվում էր նաև վերջինիս նախագահական հավակնությունների հետ: