Ամերիկյան հետախուզությունը չի բացառում, որ Սիրիան կարող է թաքցրած լինել իր քիմիական զենքը. CNN
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ունի հետախուզական տվյալներ, որոնց համաձայն, չի բացառվում, որ Սիրիան թաքցրած լինի իր տրամադրության տակ առկա քիմիական զենքի պաշարները: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է նրա աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սիրիան ոչ վաղ անցյալում գործել է այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն են տվել ենթադրել, որ նա պատրաստ չէ ամբողջովին ձերբազատվել քիմիական զենքից: Հեռուստաալիքը հայտնել է, որ հետախուզության համապատասխան զեկույցը ներկայումս ուսումնասիրվում է Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում և Պենտագոնում:
Ընդգծվում է, որ զեկույցում վերջնականապես նշված չէ, թե Սիրիան թաքցնում է քիմիական զենքի պաշարները: Նախորդ շաբաթ Քիմիական զենքն արգելող կազմակերպության տեսուչները հայտարարել էին, որ Սիրիայում մարտական թունավոր նյութերի ողջ պաշարը հաշվառվել է, և որ Սիրիան զրկվել է քիմիական զենք արտադրելու հնարավորությունից: