Մահացել է երեք մարդ. «Արմավիրի» բժշկական կենտրոնի տնօրենը՝ ամբաստանյալի աթոռին
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 6-ին կշարունակվի «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի գործով դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել Ն. Գևորգյանին: «Ն. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա հանդիսանալով «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: 2010թ. հուլիսի 17-ին ժամը 22-ի սահմաններում իմանալով նույն օրը ժամը 17:05-ին «Արմավիր» ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հ. Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հ.Հովհաննիսյանը մահացել է:
Այսինքն Ն. Գևորգյանը կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դրանից հետո արդեն որպես պաշտոնատար անձի շարունակելով ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները կատարել ոչ պատշաճ, ընկերության շտապ օգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելով ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, որի արդյունքում 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադան բենզին չունենալու պատճառաբանությամբ Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վ. Խլղաթյանի հարազատների ժամը 00:46-ի հեռախոսականչով, հիվանդ Վ. Խլղաթյանի առողջական վիճակին սպառնացող վտանգի պարագայում նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել և դրա հետևանքով հիվանդը մահացել է:
Այսինքն՝ Ն. Գևորգյանը կատարել է հանցանք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Բացի դա Ն.Գևորգյանն ի պաշտոնե անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում ԲԿ-ն չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով ու երբ 01-01-2011թ «Արմավիրի» ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Ա. Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժ.օգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, որը ևս որպես Ն. Գևորգյանի կողմից թույլ տրված կազմակերպչական բնույթի թերություն անզգուշորեն առաջացրել է հիվանդի մահ»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Նախկինում չդատապարտված Ն. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 10-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: