
«Շտապօգնություն» ՓԲԸ-ն ընդամենը մեկ կա՞նչ է ստացել Մաշտոցի պողոտայից. Որտե՞ղ են վիրավորները

Այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածները «Էրեբունի» և «Նաիրի» բուժկենտրոններ չեն տեղափոխվել:
168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բուժկենտրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ տուժածներ չեն տեղափոխել: «Նաիրի» բուժկենտրոնից նույնպես ասացին, որ իրենց մոտ այդ դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Ճշտելու համար, թե մասնավորապես ո՞ր բուժհաստատություններ են տեղափոխվել տուժածները՝ փորձեցինք կապ հաստատել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, սակայն նա անհասանելի է:
Առողջապահության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը 168.am-ին տեղեկացրեց, որ Շտապօգնությունն ընդամենը մեկ կանչ է ստացել, որի արդյունքում 16 տարեկան տղային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն: «Մենք էլ տեսանք, որ Ոստիկանությունը երկու տասնյակից ավել վիրավորների մասին հաղորդագրություն է տարածել, բայց քիչ առաջ եմ խոսել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թ. Ստեփանյանի հետ, ով ասաց՝ ընդամենը 1 կանչ են ստացել»,- ասաց Ա. Հայթայանը՝ խոստանալով նոր տվյալներ ճշտելու դեպքում տեղյակ պահել: