ՀԱԿ խմբակցությունն արտահերթ նիստ է անցկացրել

168.am-ի տեղեկություններով, այսօր ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է խորհրդարանական միջազգային կազմակերպություններում ԱԺ պատվիրակություններում ՀԱԿ խմբակցության տեղերի ներկայացուցիչների տեղաբաշխման հարցը: Հիշեցնենք, որ բաշխման սահմանաքանակի մասին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոր կարգադրություն էր ստորագրել, ինչից հետո խմբակցությունները դեռևս չէին հաստատել իրենց ներկայացուցիչներին:

Միջազգային պատվիրակություններում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ժամկետն ավարտվում է, ուստի այսօր հարցն արտահերթ կարգով է քննարկել խմբակցությունում: Մեր տեղեկություններով, նիստին ներկա են եղել խմբակցության բոլոր անդամները, այդ թվում նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես հայտնի է՝ տևական ժամանակ է՝ չէր մասնակցում խմբակցության նիստերին: Արտահերթ նիստին չի մասնակցել Հրանտ Բագրատյանը, քանի որ վերջինս բացակայում է Հայաստանից:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաստատեց, որ խմբակցությունն արտահերթ նիստ է գումարել, ապա հայտնեց, որ հերթական նիստի ժամանակ, որը հրավիրվել էր անցյալ հինգշաբթի, քննարկվել էր պատվիրակություններում ներկայացուցիչների նշանակման հարցը և որոշվել է որևէ փոփոխություն չանել, և միջազգային պատվիրակություններում ներկայանալ նույն անդամներով. «Բայց քանի որ հերթական (հինգշաբթի օրը կայացած:-Տ. Մ.) նիստին ներկա չէին Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, իսկ պատվիրակություններում մեր ներկայացուցիչների ժամկետն ավարտվում էր, մենք հրավիրեցինք արտահերթ նիստ: Համաձայն նոր կարգի, թեկնածուներ չներկայացնելու դեպքում Հովիկ Աբրահամյանն ինքն է ընտրում նրանց, ուստի մենք արտահերթ նիստ անցկացրինք, հատուկ հրավիրեցինք թե Ն. Փաշինյանին, թե Հրանտ Բագրատյանին, որպեսզի ֆորմալ առումով ստանանք նրանց համաձայնությունը: Փաշինյանը ներկայացավ, իսկ Հրանտ Բագրատյանի հետ մենք շարունակում ենք կապ հաստատել էլեկտրոնային փոստի միջոցով»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ, եթե Հ. Բագրատյանի հետ այդպես էլ հնարավոր չլինի կապ հաստատել, ապա իրենք ԱԺ նախագահին ուղղված նամակում կառաջարկեն կոնկրետ Հ. Բագրատյանի մասով որոշումը հետաձգել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս