Մեղադրվում է «Սևան» քկհ-ից փախուստի փորձ կատարելու համար գետնի տակով փորման աշխատանքներ անելու մեջ

Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին կշարունակվի քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex  դատական տեղեկատվական համակարգից, «Մ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.09.2012թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրք֊ի 177 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերով և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվելով ազատազրկման 6 տարի ժամկետով, 2012-ի դեկտեմբերի 12-ից պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում և պատիժը կրելու ընթացքում ՔԿՀ-ից փախուստ կատարելու նպատակով ձեռք է բերել բահեր և քլունգ: Այնուհետև 2013-ի հուլիսի 9-ի ժամը 23-ի սահմաններում մուտքի մետաղյա ճաղավանդակը կոտրելու միջոցով մուտք է գործել ՔԿՀ-ի դատապարտյալների բնակելի գոտում գտնվող քաղ. պաշտպանության գազապաստարանի շինություն:

ՔԿՀ-ից փախուստ կատարելու նպատակով նշված տեղից դեպի նախկին արտադրական գոտու ուղղությամբ ձեռք բերված գործիքներով գետնի տակով կատարել է փորման աշխատանքներ՝ մինչև հուլիսի լույս 10-ի գիշերը ժամը 02:30 սահմանները: Այնուհետև դադարեցրել է փորման աշխատանքները՝ հետագայում շարունակելու համար և գնացել է հանրակացարան: Սակայն իր հանցավոր մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ 2013-ի հուլիսի 10-ին առավոտյան փորվածքը հայտնաբերվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից և օպերատիվ ինֆորմացիան իրացնելիս նրան բերման են ենթարկել հերթապահ մաս, որոնց և խոստովանել է ՔԿՀ-ից փախուստ կատարելու համար փորման աշխատանքներ կատարելու հանգամանքը»:

Գործով նախագահող դատավորը Վաղինակ Մկրտչյանն է: Մ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 34-355 հոդվածի 1ին մասով:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս