«Վեդի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգը՝ ամբաստանյալի աթոռին
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին կշարունակվի «Վեդի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ա. Ֆանյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ աշխատելով «Վեդի» բժշկական կենտրոնում որպես անեսթեզիոլոգ 2011թ. հունվարի 11-ին ժամը 21:30-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնում իրականացրել է «օղակված ճողվածք» հիվանդությամբ հիվանդանոց ընդունված Արալեզ գյուղի բնակիչ Գ. Ավետիսյանի բժշկական օգնությունը և սպասարկումը»: Ըստ datalex՝ վիրահատությանը նախապատրաստելիս՝ սխալ մեկնաբանելով էլեկտրոսրտագրի ժապավենը, «ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները և դրա նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Գ. Ավետիսյանի մահը»:
Ա. Ֆանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ա. Ֆանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին: Նախագահող դատավորը Խաչիկ Հովհաննիսյանն է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: