Կոմկուսի իշխանափոխությունը չեղյալ է հայտարարվում
Երեկ տեղի է ունեցել ՀԿԿ կենտկոմի բյուրոյի նիստը, որտեղ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է ներկայացրել Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից:
Սակայն Բյուրոյի անդամները չեն ընդունել Թովմասյանի հրաժարականը` նրան խնդրելով շարունակել կատարել առաջին քարտուղարի պարտականությունները: Թովմասյանի հրաժարականը մերժելու որոշմանը կողմ են քվեարկել Բյուրոյի 13 անդամներից 12-ը: 13-րդ անդամը Ռուբեն Թովմասյանն է:
Վերջինս ընդառաջել է կուսակցական ընկերների հորդորներին և ենթարկվել Բյուրոյի որոշմանը: Ինչու Ռուբեն Թովմասյանը չի ցանկանում լինել ՀՀԿ առաջին քարտուղար: Հայաստանյան իրականության մեջ դժվար է հիշել դեպքեր, երբ կուսակցության ղեկավարները հրաժարական են ներկայացնում, քանի որ կուսակցությունը համարում են իրենց սեփականությունը, իսկ կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ ցմահ: Նույնիսկ մեկ անձի կուսակցությունները չեն լուծարվում միայն այն պատճառով, որ այդ մարդիկ իրենց երջանիկ են զգում՝ որպես կուսակցության նախագահ հանդես գալու հնարավորությունից:
Ռուբեն Թովմասյանն ասում է, որ իր հրաժարականը պայմանավորված է եղել տարիքով և մի քանի այլ անձնական հանգամանքներով:
«Այո, ես Բյուրոյին ներկայացրեցի իմ հրաժարականը, քանի որ գտնում եմ, որ պետք է հեռանամ քաղաքական աշխատանքից: Դա իմ անձնական որոշումն էր, որը Բյուրոյի անդամները չընդունեցին: Նրանք միաձայն հայտարարեցին, որ իմ հրաժարականն իրենց համար անընդունելի է, որ ես պետք է շարունակեմ ղեկավարել Հայկոմկուսը, և, եթե պետք է, իրենք պատրաստ են ինձ հանգստի իրավունք տալ, որից հետո ես կվերադառնամ իմ պարտականությունների կատարմանը: Ճիշտն ասած` ես պնդեցի իմ որոշումը, բայց Բյուրոյի անդամներն ավելի համառ գտնվեցին, և ես համաձայնեցի շարունակել ղեկավարել կուսակցությունը»: Թովմասյանն ավելացրեց, որ այն խոսակցությունները, թե ինքն առողջական խնդիրներ ունի և այդ պատճառով է հրաժարական տալիս` անհիմն են։ «Ես, բարեբախտաբար, առողջությունից որևէ բողոք չունեմ»,- վստահեցնում է ՀԿԿ առաջին քարտուղարը:
Իսկ ինչո՞ւ են Կոմկուսի Բյուրոյի անդամները հրաժարվել ընդունել իրենց կուսակցության ղեկավարի հրաժարականը:
Միթե՞ կուսակցությունում չկան պատրաստի կադրեր, ովքեր ունակ են փոխարինելու Ռուբեն Թովմասյանին: ՀՀԿ Բյուրոյի անդամ, Արմավիրի շրջկոմի քարտուղար Վրեժ Փիլոյանն ասում է.
«Իհարկե, անփոխարինելի մարդիկ չկան, բայց այս պահին ես անձամբ չեմ տեսնում այն մարդուն, ով գաղափարական և քաղաքական այնպիսի հասունություն կդրսևորեր, որ ես համարեի, որ ունակ է փոխարինել ընկեր Թովմասյանին: Ես էլ եմ ուզում հեռանալ Արմավիրի շրջկոմի քարտուղարի պաշտոնից, բայց չեմ կարող դեմ գնալ կուսակցական ակտիվին, որը պահանջում է, որ շարունակեմ մնալ իմ դիրքերում: Բացի այդ, ես համարում եմ, որ կուսակցության ղեկավարը պետք է փոփոխվի համագումարում, որի ժամանակ պետք է ըստ արժանվույն գնահատվի նրա ավանդը և ներդրումը կուսակցության կայացման գործում, քանի որ այսօրվա պայմաններում ղեկավարել Կոմկուսը, որն ամեն կողմից քարկոծվում է, իսկապես հերոսություն է»:
Բյուրոյի մեկ այլ անդամ՝ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար Դավիթ Հարությունյանը ևս ասում է, որ իրենք որոշել են, որ, եթե կուսակցության ղեկավարի փոփոխություն պետք է լինի, ապա դա կարող է լինել միայն համագումարում, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին: «Իհարկե, իմ անձնական ցանկությունն է, որ ընկեր Թովմասյանը շարունակի ղեկավարել կուսակցությունը համագումարից հետո էլ, բայց եթե ուզում է հեռանալ, ապա համագումարով, փառքով-պատվով և ոչ թե` Բյուրոյի նիստով: Բացի այդ, նա պետք է նախապատրաստի այն մարդուն, ով պետք է իրենից հետո ղեկավարի կուսակցությունը»:
Մեր այն հարցին, թե տրվում է կուսակցության երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանի անունը, ով համարվում է հավանական թեկնածուն, Դավիթ Հարությունյանը բորբոքված պատասխանեց.
«Դա անցեք, դա չլինող բան է»: Դեմ լինելով երկրորդ քարտուղարի թեկնածությանը` Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղարը հրաժարվեց նշել, թե ինքն ում թեկնածությունը կնախընտրեր` որպես հաջորդ առաջին քարտուղար: «Ես նորից եմ կրկնում՝ Բյուրոյի 12 անդամները, նրանց հետ` նաև Եկատերինա Արսենևնան, խնդրեցինք, որ Թովմասյանը մնա և աշխատի: Կոմկուսն ունի առաջին քարտուղար, և անիմաստ է քննարկել այլ թեկնածություններ»:
Իսկ գուցե Կոմկուսում կան քաղաքական տարաձայնություններ, որոնց պատճառով կուսակցության ղեկավարը պարտադրված է հրաժարական տալ: Հրազդանի շրջկոմի քարտուղարն ասում է, որ Ռուբեն Թովմասյանի արտահայտած որոշ մտքերի հետ կապված դժգոհություններ եղել են, սակայն դրանք ընդամենը մի երկու տաքգլուխներ են եղել, որոնց իրենք հանդարտեցրել են:
«Մի քանիսը դժգոհում էին, թե ինչու է Թովմասյանը նախագահ Սերժ Սարգսյանին համեմատել Իսրայել Օրիի կամ Խաչատուր Աբովյանի հետ, ինչու է հերոսացրել նրան: Բայց ես և Բյուրոյի անդամները գտնում ենք, որ շատ էլ ճիշտ է արել: Հայաստանի ղեկավարությունը ճիշտ որոշում է կայացրել` միանալ Մաքսային միությանը, և այդ որոշումը պատմական է»:
Ռուբեն Թովմասյանի հետ մեր զրույցից տպավորությունն այնպիսին էր, որ նա իսկապես ցանկացել է հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն տեսնելով, որ կուսակցական ընկերներն ամեն կերպ փորձում են իրեն համոզել, մտափոխվել է: Այնպես որ, Կոմկուսում սպասվող իշխանափոխությունը չեղյալ է հայտարարվում:
«168 ԺԱՄ»