Բաժիններ՝

2013թ. հոկտեմբերն Իրաքի համար դարձավ ամենաարյունոտ ամիսը՝ սկսած 2008թ. ապրիլից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերին Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է գրեթե հազար մարդ, ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը՝ սկսած 2008 թվականի ապրիլից: Այս մասին են վկայում Իրաքի կառավարության պաշտոնական տվյալները:

Իրաքի կառավարությունն այսօր հրապարակել է նախորդ ամիս երկրում գրանցված բռնության բազմաթիվ ակտերի հետևանքով զոհերի քանակի վիճակագրական տվյալները: Դրանց համաձայն, հոկտեմբերին Իրաքում զոհվել է 855 խաղաղ քաղաքացի, 65 ոստիկան և 44 զինվորական:

Վերջին անգամ բռնության նման մակարդակ Իրաքում գրանցվել էր 2008 թվականի ապրիլին, երբ մեկ ամսում զոհվել էր ավելի քան հազար մարդ: Կառավարության տվյալներով՝ հոկտեմբերին երկրում վիրավորվել է ավելի քան 1600 մարդ: Միևնույն ժամանակ երկրի անվտանգության ուժերը կալանքի տակ են վերցրել ավելի քան 150 զինյալի:

Հոկտեմբերին զոհվել է ևս 33 ահաբեկիչ: Հայտնի չէ, թե արդյոք նրանք դարձե՞լ են ուժային կառույցների ձեռնարկած հատուկ գործողությունների զոհ, թե՞ զոհվել են իրենց իսկ կազմակերպած ահաբեկչությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ, այս տարի Իրաքում բռնության ակտերի հետևանքով զոհվել է 7000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս