«Ժնև 2» կոնֆերանսը տեղի չի ունենա առանց սիրիական ընդդիմության մասնակցության. Լախդար Բրահիմի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Բեյրութ մեկնելուց առաջ հայտարարել է, որ «Ժնև 2» կոնֆերանսը տեղի չի ունենա առանց սիրիական ընդդիմության մասնակցության:
Նա ընդգծել է, որ կոնֆերանսը տեղի է ունենալու առաջիկա շաբաթներին: Ալժիրցի դիվանագետի խոսքերով՝ կոնֆերանսի գումարման նպատակը 2012 թվականի հունիսի 30-ին ընդունված Ժնևյան կոմյունիկեի դրույթների կյանքի կոչումն է, որն առնչվում է Սիրիայում անցումային ժամանակաշրջանի սկսվելուն:
Բրահիմիի խոսքերով՝ կոնֆերանսը գումարվելու է սիրիացիների միջև երկխոսություն հաստատելու համար և ոչ թե հանուն այլ պետությունների, և որ Սիրիան դրանում պետք է ներկայացված լինի երկու պատվիրակությունով՝ կառավարության և ընդդիմության:
Բրահիմին հավելել է, որ սիրիական կառավարությունն արդեն իսկ համաձայնություն է տվել Ժնև մեկնելու համար, մինչդեռ ընդդիմությունը դեռ քննարկում է, թե ովքեր են իրեն ներկայացնելու կոնֆերանսում:
Բրահիմին համոզված է, որ սիրիական ճգնաժամն անկարելի է լուծել ռազմական ճանապարհով, ինչի համար էլ անհրաժեշտ է գտնել դրա քաղաքական որոշումը՝ ընդգծելով, որ թե՛ կառավարությունը, թե՛ զինված ընդդիմությունը կատարում են անթույլատրելի բաներ: