Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե իր համար որտեղ գտնվելն է ավելի շահավետ. Դմիտրի Մեդվեդև
Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վերջին անգամ է զգուշացրել Ուկրաինային, որ եթե նա Ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա Կիևին չի հաջողվի պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում ներկայիս որոշակի արտոնությունները.
«Դա Ուկրաինայի ինքնիշխան ընտրությունն է, սակայն հետո թող չկրծեն արմունկները (չափսոսան), եթե պարզվի, որ նրանք չեն ստանա այն դիվիդենդները, այն օգուտները, առավելությունները, որոնց հետ կապված հույսեր ունեին, քանի որ անկեղծ ասած ներկայումս մեր միջև առկա են հատուկ, բացառիկ հարաբերություններ:
Եթե նրանք հարեն ԵՄ-ի մասնակցությամբ ստեղծված ազատ ձեռնարկատիրության գոտուն, ապա նրանց վրա արդեն իսկ կտարածվեն այլ կանոններ: Մենք չենք կարող հաշվի չառնել դա: Ռուսաստանը նույնպես հիանալի հարաբերությունների մեջ է ԵՄ-ի հետ և վիթխարի ապրանքաշրջանառությունը (տարեկան 400 միլիարդ դոլար) ոչ մի կերպ համեմատելի չէ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության հետ:
Եթե նրանք ընտրել են այդ ուղին, ապա թող ընթանան դրանով, մենք քանիցս հայտարարել ենք այդ մասին: Այստեղ չկա Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միությանը միանալու որևէ պարտադրանք, այստեղ չկա որևէ ընդհատակյա շահ: Պարզապես նրանք պետք է ընտրեն, թե իրենց համար որտեղ գտնվելն է ավելի շահավետ»:
Մեդվեդևը հաստատել է, որ Ուկրաինային գազ մատակարարելու հարցում կարող է մտցվել կանխավճարային համակարգ՝ կապված Ուկրաինայի վիթխարի գազային պարտքերի հետ: Մեդվեդևը բացառել է Ուկրաինայի գազային պարտքի խնդիրը նրա եվրաինտեգրման հետ շաղկապված լինելը: Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում նվազեցնել Ուկրաինային մատակարարվող գազի ծավալը: