ՀԱՄԱՍ-ը Թել Ավիվի ուղղությամբ է շրջել ջրից դուրս բերված բրիտանական հարյուրամյա հրանոթը
France 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ խմբավորումը Գազայի հատվածում՝ Դիր էլ-Բալահ քաղաքի մուտքի մոտ, նախօրեին տեղակայել է 20-րդ դարի սկզբի արտադրության բրիտանական հրանոթ:
Այս շաբաթ այդ հրանոթը Դիր էլ-Բալահի ափերի մոտ հայտնաբերել էին տեղի ձկնորսները: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական նավատորմի՝ ջրասույզ արված ռազմանավի այդ նավային հրանոթը կշռում է 8.5 տոննա:
Ձկնորսներն իրենց գտածոյի մասին իրազեկել են ոստիկանությանը, ինչից հետո հրանոթը դուրս է բերվել ջրից: ՀԱՄԱՍ-ն այն տեղակայել է քաղաքի մուտքի մոտ՝ հրանոթը միտումնավոր ուղղելով 70 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Թել Ավիվի ուղղությամբ:
ՀԱՄԱՍ-ի անդամներն ընդգծել են, որ այդ հրանոթը հանդիսանում է պաղեստինյան դիմակայության անկոտրում լինելու խորհրդանիշ, որը չի ավարտվի մինչև ինքնավարության ազատումը: