Մթերքներ, որոնց օգտագործման չափաբաժինը հարկավոր է նվազեցնել. դրանք քաղցկեղածին են
Շվեդիայի գիտնականները հրապարակել են ուշագրավ ուսումնասիրություններ, որոնք արվել են 5000 մարդու շրջանում: Նրանք հրապարակել են մթերքների անուններ, որոնք մեղմ ասած այդքան էլ օգտակար չեն առողջության համար, ավելին, պարունակում են քաղցկեղածին տարրեր, հաղորդում է ԳԱԼԱ-ն:
Ծխեցրած երշիկ
Գիտնականները պարզել են, որ վերամշակված մսից ստացված սննդի չարաշահումը վտանգավոր է: Օրական 30 գրամից ավելի օգտագործումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը 15-38 տոկոսով: Մսի ծխահարումը առաջացնում է թունավոր եւ օրգանիզմի համար վտանգավոր նյութեր:
Ճարպեր` հատկապես տապակած
Ճարպեր պարունակող մթերքները մեծացնում են հավանականությունը ենթաստամոքսային գեղձի եւ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման: Հատկապես վտանգավոր է համարվում տապակած ճարպը: Այն պարունակում է քաղցկեղածին տարրեր: Վնասը չեզոքացնող հատկություններ են պարունակում այն մթերքները, որոնցում առկա են բուսական մանրաթելեր՝ թարմ բանջարեղեն, մրգեր, հացամթերք:
Տապակած մթերքներ
Շատերը կհարցնեն՝ տապակած կարտոֆիլը նույնքան վնասակա՞ր է, որքան մի՞սը: Այո´: Տապակած կարտոֆիլը, չիփսերը, կրեկերները պարունակում են ածխաջրեր, որոնք ջեռուցման արդյունքում արտադրում են հատուկ նյութ՝ ակրիլամիդ: Այն քաղցկեղածին նյութ է, որը մեծացնում է օնկոլոգիական հիվանդություններով տառապելու վտանգը: Հատկապես կարտոֆիլի չիփսը, ֆրին պարունակում են անհանգստացնող չափի ակրիլամիդ: Այս նյութն առկա է նաեւ ձկնեղենի, ծովամթերքի, հացազգիներից պատրաստված չոր մթերքների մեջ: Իսկ ընդհանուր առմամբ այս նյութը առկա է բոլոր տեսակի տապակած մթերքներում: Հարկավոր է ուղղակի նվազեցնել այս մթերքների օգտագործման չափաբաժինը:
Աղ
Աղի չարաշահումը մեծ վտանգներ է պարունակում: Ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծ է հատկապես տղամարդկանց շրջանում: Ուսումնասիրությունները պարզել են, որ տղամարդկանց շրջանում աղիակերների զգալի մասն ունեն առողջական խնդիրներ, իսկ 500-ից մեկը տառապում է ստամոքսի քաղցկեղով:
Սոյայի սոուս
Սոյայի սոուսը եւս պարունակում է օրգանիզմի համար վնասակար տարրեր: Եվրոպայում վերջերս հրապարակվեցին սոյայի սոուսների շուրջ 2000 տեսակների ուսումնասիրման արդյունքները: Քաղցկեղածին տարրեր հայտնաբերվել են 35 տոկոսում, շատ բարձր ցուցանիշ՝ 14-ում: Առավել վտանգավոր են համարվում Վիետնամի, Թայվանի, Չինաստանի, Ֆիլիպինների արտադրանքը:
Սնվելու կանոններ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացումը
• Սնվեք միայն այն ժամանակ, երբ քաղց եք զգում: Հաճախ զբաղվեք ծոմապահությամբ:
• Մի չարաշահեք շատ տաք հեղուկ կամ ուտելիք:
• Երբեք մի սնվեք այն պահին, երբ ֆիզիկապես շատ տկար եք եւ ծայրաստիճան հոգնած:
• 20-25 տոկոսով նվազեցրեք ճարպերի օգտագործումը:
• Թարմ բանջարեղեն եւ մրգեր կերեք: Օգտակար է ցորենի հացը՝ ոչ այնքան մանրացրած ալյուրից պատրաստված:
• Կանաչին, ընկույզը եւս առողջարար եւ քաղցկեղը չեզոքացնող հատկություններ են պարունակում:
• Սահմանափակեք մթերքների տապակած օգտագործումը՝ տապակած միս, ձուկ, հավ, երշիկ…
• Անհապաղ դեն նետեք բորբոսապատ մթերքները՝ ջեմ, հաց, ձավարեղեն: Դրանք թունավոր նյութեր են պարունակում:
• Մի կերեք հնացած ուտելիք:
• Հրաժարվեք սուր ալկոհոլային խմիչքների չարաշահումից:
• Աշխատեք սառնարանից էլ անհապաղ հեռացնել հին սնունդը: Երկարատեւ պահելով այն սառնարանում` դուք հետագայում օգտագործելով այդ ուտելիքը՝ կթունավորեք ձեր օրգանիզմը: