«Փիսոներիս խորովեմ, ուտե՞մ»

Ասում է մոմի լույսով ապրող միայնակ թոշակառուն

Այս օրերին, երբ Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «168 Ժամը» բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր երկրում, բառի բուն իմաստով, սովամահության դուռը հասած կենսաթոշակառուներից:

Վերջիններս մեր խմբագրություն ահազանգելով` պետական պաշտոնյաների՝ սեփական աշխատավարձերի բարձրացման քննարկումները որակում են` որպես ծաղրուծանակ սեփական երկրի ծերերի նկատմամբ: Եվ, որպեսզի ԱԺ պատգամավորները գիտակցեն այս նախաձեռնության աբսուրդը, մենք այսուհետ կներկայացնենք շարքային քաղաքացիների բողոքի ձայնն` իրենց քվեներով մանդատ ստացած պատգամավորների, Կառավարության անդամների նախաձեռնության վերաբերյալ:

Luso-Paycar tatik (1) Luso-Paycar tatik (6) Luso-Paycar tatik (4)

Մանավանդ, որ պետական պաշտոնյաներն իշխանության են եկել ազգաբնակչության զբաղվածությունն ապահովելու, կենսաթոշակները բարձրացնելու, տնտեսությունը զարգացնելու նախընտրական ծրագիր-խոստումներով, սակայն այսօր` արտագաղթի, գործազրկության, ցածր կենսաթոշակի և աշխատավարձի պայմաններում, երբ տարեցները սովամահ են լինում, իսկ երիտասարդները երկրից փախչում են, պետական պաշտոնյաներն իրենց «ծանր» աշխատանքի դիմաց պատշաճ վարձատրություն են պահանջում: 300.000 դրամից ավելի աշխատավարձ ակնկալող ՀՀ ԱԺ պատգամավորներին կարող ենք ուղեկցել Երևան քաղաքի՝ Հարավ-Արևմտյան թաղամասում բնակվող միայնակ թոշակառու Պայծառ Մակարյանի «տարածք»:

Luso-Paycar tatik (10)

Luso-Paycar tatik (14)

Luso-Paycar tatik (8)

75-ամյա միայնակ թոշակառուն 30 տարի առանց էլեկտրականության՝ մոմի լույսով է ապրում: Իր ձեռքով «կառուցած», ինչպես ինքն է ասում՝ «քոլիկում» ապրելը նույնն է թե՝ դժոխքում այրվելը: Պայծառ տատի ձեռքերով կառուցված «կացարանը» սոսկալի է, անգամ վախեցնող, որտեղ մուտք գործելու համար քաջություն է պետք:

Ասում է՝ «Մի վախեցի, բալիկ ջան, ես ստեղ 30 տարի գիշերներ եմ լուսացրել: Այ սենց են ապրում մեր երկրի` թոշակի հույսին մնացած ծերերը: Ես չգիտեմ` ինչ բան ա լույսը, գազը, հեռուստացույցը»: Պայծառ տատը 30 տարվա մեջ չի կարողացել իր 24.000 դրամ կենսաթոշակից գումար տնտեսել, որպեսզի մասնագետների պահանջած 70.000-80.000 դրամը հատկացնի էլեկտրական լարերի տեղադրման համար: Ապրում է՝ 24.000 դրամ թոշակով և աղքատության 16.000 դրամ նպաստով:

Luso-Paycar 1 (2)

Luso-Paycar 1 (3)

Luso-Paycar tatik (2)

«Ամեն օր մոմ եմ առնում, օրը երկու անգամ գնում եմ բարեգործական ճաշարանում սնվելու: Լույսի համար դիմում եմ գործկոմ (թաղապետարան), ասում են՝ լարեր պիտի առնես, սչյոտչիկ պիտի առնես: Ասում եմ՝ այ բալամ, թոշակս տամ ձեզ, բա ես ինչո՞վ հաց առնեմ: Ում ասում եմ, որ Սովետից հետո մոմի լույսով եմ ապրում՝ մազերը բիզ-բիզ ա կանգնում, ես էլ ասում եմ՝ իմ նման ծերեր էնքա՜ն կան…»:

21-րդ դարում ապրող Պայծառ տատը Սովետից այս կողմ հեռուստացույց չի նայել, այսինքն՝ պատահում է, ծանոթների տանը նայում է ու դեմքով ճանաչում է երկրի բարձրաստիճան դեմքերին:

Ասում է՝ «Հեչ կարիք էլ չեմ զգում հեռուստացույցի, նայում ու ավելի ես կատաղում: Լավը չեն մեր իշխանությունները, հեչ լավ մարդիկ չեն, ա՛յ, ժողովուրդը շատ լավն ա՝ շատ խղճով: Էսքան ժամանակ սովորական մարդիկ են ինձ ձեռք մեկնել, մեր ջահելները շատ լավն են, բայց իշխանությունըգ ափսոս ա էս ժողովուրդը»:

Luso-Paycar tatik (3)

Պայծառ տատը երեխայի պես հոնգուր-հոնգուր լաց է լինում ու ռեզինե ծանր «սապոգները» հազիվ քարշ տալով` ինձ ուղեկցում է «քոլիկի» կողքին տեղադրված երկաթե «դոմիկ», որը վերջերս ինչ-որ բարեգործական կազմակերպությունից նվեր է ստացել:

Ասում է՝ կմեռներ քոլիկում, եթե մի օր երիտասարդներն իրեն չհայտնաբերեին այդ տարածքում ու այս ու այն դռները թակելով` իր համար այդ «դոմիկը» ձեռք չբերեին: Երկաթե դոմիկն, ինչ-խոսք, առավել հարմարավետ է, քան ցելոֆանապատ, փալասներով ծածկված «քոլիկը», սակայն ծեր կինն, այնուամենայնիվ, այնտեղ էլ ապրում է մոմի լույսով, անջուր, անգազ ու սոսկալի ցրտի մեջ:

Luso-Paycar tatik (15)

Ասում է՝ «Ճնշումս իջնում ա, գնում եմ բժշկի, ասում են՝ թերսնուցումից ա, պիտի նորմալ սնվես: Ասում եմ՝ բալիկ ջան, պիտի լինի, որ ուտեմ, ի՞նչ ուտեմ, երեք հատ փիսո ունեմ, դրանց խորովեմ ուտե՞մ: Էս խեղճ ու կրակ թոշակառուներին դրան էլ կհասցնեն, որ ստիպված փողոցների շներին ու կատուներին կխորովեն կուտեն: Ո՞ւմ հետ գնամ կռիվ անեմ, ասեմ՝ ուտելու բան տվեք»:

Մեր երկրի պաշտոնյաներին՝ «Աստված ձեզ պահապան, թող Աստված ձեզ ների»

Պայծառ տատն, այնուամենայնիվ, հիշեցնում է, որ մեր երկրի ծերերը ժամանակին լավ ապրած մարդիկ են, ովքեր արժանապատվություն ունեն և չեն կարող պաշտոնյաների կոկորդը բռնել, թոշակի բարձրացում պահանջել: Վերջինս պետական դռները թակելով` խնդրել ու պահանջել է ժամանակին «Հայխնայբանկում» պահ տված իր 20.000 ռուբլին վերադարձնել:

«Կոմունիստների ժամանակվանից փողերս չեն տալիս: Ասում եմ՝ ողորմություն չեմ ուզում, իմ աշխատած գումարներն եմ ուզում, տվեք, գոնե մինչև մեռնելս հաց առնեմ: Անգամ Կառավարությունում եմ դիմում գցել, խնդրել եմ, ասել եմ՝ ես հաց չունեմ ուտելու, իմ փողը տվեք, բայց ոչ մի պատասխան: Աղջիկ ջան, դու 24.000 դրամով կարա՞ս ապրես: Սկի մի շաբաթ չես գոյատևի, բայց իմ նման հազարավոր թոշակառուներ կան, որոնք մաշվում են: Ես երկրի նախագահին բան չունեմ ասելու, հավատա, էլ ոչինչ չունեմ ասելու, փոխարենը` շնորհակալ եմ հայ ժողովրդից: Ինձ շատերն են ձեռք մեկնում՝ ժուռնալիստները, ջահելները, շատ լավ մարդիկ կան, բայց էս իշխանությունը… ափսոս ա էս ջահելությունը,- ասում է Պայծառ տատն` ավելացնելով,- Ջահելության վիճակն էլ էն չի, երիտասարդությունն էլ ա մնացել շիվար: Կոմունիստների օրոք փողոցում մի հատ պարապ ջահել չէիր տեսնի»:

Luso-Paycar tatik (9)

Պայծառ տատն ինձ խնդրում է` երկրի նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին ու Կառավարության անդամներին իր խոսքը փոխանցել՝ «Աստված ձեզ պահապան, թող Աստված ձեզ ների»: 300.000 դրամից ավելի աշխատավարձ ակնկալող մեր պետական պաշտոնյաներին հորդորում է՝ ասելով, որ իր նման շատ ծերեր կան, ովքեր կշարունակեն ապրել մոմի լույսով, փողոցներից հավաքած փայտի կտորներով վառարանը կվառեն, մի գավաթ թեյով կտաքանան, բարեգործական ճաշարաններում մի կտոր հաց կուտեն ու կաղոթեն իրենց համար:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս