Հիշեցում ԲՀԿ-ականներին` Ծառուկյանն էլ է մեծամասնականով ընտրվել

Նոյեմբերի 10-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուների թիմերի միջեւ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են: Այս մասին գրում է yerkir.am-ը:

Ուշագրավ է, որ թեկնածուների թիմակիցները մրցակցին եւ նրա թիմին մեղադրում են այն բանում, ինչով իրենք են հենց զբաղվում: Օրինակ` ԲՀԿ-ականները անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին մեղադրում են, թե նա իբր խախտում է օրենքը եւ Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական փուլում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Մարդուն մեղադրում են մի բանում, որով ԲՀԿ-ն, ի դեմս Ծառուկյանի, զբաղված էր ողջ քարոզարշավի ընթացքում. տրակտորից սկսած` էլ ինչ ասես չբաժանեց:

Կայքի հետ զրույցում, անդրադառնալով այս մեղադրանքներին, Արայիկ Գրիգորյանը նշել է, որ այս կերպ փորձ է արվում վարկաբեկել իր բարեգործական գործունեությունը: Պատգամավորն ընդգծել է, որ, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացրել եւ հիմա ընդամենը ներկայացնում է կատարված աշխատանքների արդյունքները:

«Շուտով ընտրություններ են, մենք էլ ունենք մեր թեկնածուն, եւ շատ բնական է, որ պետք է քարոզարշավի ժամանակ ներկայացնենք այն ամենը, ինչ արել ենք եւ թե ինչ ենք պատրաստվում անել: Բայց մի բան Ձեզ միանշանակ կարող եմ ասել` քարոզարշավի ընթացքում մենք բարեգործական որևէ գործունեություն չենք իրականացնում, և դրա կարիքն էլ չկա»,- վստահեցրել է պատգամավորը:

Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից հնչող մեղադրանքներին, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները «կնոպկա» սեղմողներ են, Գրիգորյանը հիշեցրել է, որ նույն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: «Ընտրություններով կյանքը, իհարկե, չի ավարտվում, պետք է այնպես անել, որ հետո իրար աչքերի մեջ նայելիս չամաչեն»:

Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ թե’ ինքը, թե’ Գագիկ Ծառուկյանը տեղական արտադրության ակունքներում կանգնած մարդիկ են, աշխատատեղեր են բացում քաղաքացիներ համար և հարկ եղած դեպքում բարեգործական արշավներ իրականացնում`հնարավորինս լուծելով քաղաքացիների հոգսերը, ուստի պետք չէ փորձել իրենց հարաբերություններում թշնամություն մտցնել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս