
«Մեզ համար անվտանգությունն ունի առաջնային նշանակություն». Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է Երևանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության բյուրոյի նիստի անցկացումը, որը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև: «Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը շահագրգռված է իր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ: Տարածաշրջանում ռիսկերը միջազգային փորձագետների գնահատմամբ բավական մեծ են և մեզ համար անվտանգությունն ունի առաջնային նշանակություն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությանը՝ Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:
Միլան Ցաբրնոխը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը և ընդգծել խորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը ևս կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի: