Բաժիններ՝

Կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանը ցուցմունքներ է տվել

2001-2006 թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօր շարունակվեց  սպանության նախապատրաստությունը  կազմակերպելու  վերաբերյալ մասով վկաների հարցաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ գտնվելով դժվար ֆինանսական վիճակում և իմանալով, որ վրեժխնդրության շարժառիթով դրդված կա անձ, ով մտադիր է պատվիրել եղբորը սպանության համար «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը` Սամվել Հովհաննիսյանը համաձայնել է գտնել սպանության կատարողին և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև։

Ըստ մեղադրանքի՝ Ս.Հովհաննիսյանը նախկինում երկու անգամ դատապարտվածի միջոցով գտել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող մեկ այլ դատապարտյալի, ով սակարկումների արդյունքում համաձայնել է 7.500 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց կատարել սպանությունը։

Այսօր հարցաքննված վկաներից մեկը՝ ներկայումս ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող, նախկինում ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Միքայել Վարդանյանն էր: Նա հայտնել է, որ չի ճանաչել ոչ Ջամալ Սլոյանին, ոչ էլ՝ Սամվել Հովհաննիսյանին, սակայն ճանաչել է «վրեժխնդրության շարժառիթով դրդված անձին»՝  Մրազ Շարոյանին, ով մեղադրվում է իր ազգականի սպանության համար դատապարտված և իր պատիժը կրող Ջամալ Սլոյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, և գտնվում է հետախուզման մեջ։

Մրազ Շարոյան, իմանալով, որ  վկան աշխատանքի բերումով առնչվում է բուժհիմնարկներին, խորհրդատվության համար դիմել է իրեն՝ պարզելու` ինչպես կարելի է տեղեկություն ստանալ Ջամալ Սլոյանի հոգեկան առողջության մասին: Ոստիկանն էլ հուշել է օրինական ճանապարհը՝ փաստաբանի միջոցով հարցում անել ու ստանալ պատասխանը: Հետագայում էլ Մ.Շարոյանի նախաձեռնությամբ շփվել է  նրա հետ: Հանդիպումների ընթացքում Մրազն ասել է իրեն, որ «հակառակ» կողմն «ընկել է իր հետևից», ինքը պետք է մեկնի Հայաստանից: Իր անվտանգությունն ապահովելու համար ոստիկանություն դիմում գրելու  ոստիկանի առաջարկությունը Մրազ Շարոյանը մերժել է՝ հայտարարելով, որ «մեր անձնական խնդիրն է, պետք է մեկնեմ»:

Հետագայում վերջինս երկու անգամ դիմել է իրեն, որպեսզի ինքը պարզի, թե ոստիկանությունում ի՞նչ կա իր դեմ, որ «թուղթ են ուղարկել» Ռուսաստան: Ոստիկանության տվյալների բազայում Շարոյանի տվյալների միայն երկրորդ ստուգումը ցույց է տվել, որ վերջինս գտնվում է հետախուզման մեջ: Մ.Շարոյանը, իմանալով այդ մասին՝,  հայտարարել է՝ «ես չգիտեմ, իմ գլխին սարքում են», իսկ  ոստիկանն էլ զեկուցել  «ում որ պետք է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս