Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը նոր հրահանգ է տվել

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով այս տարվա սեպտեմբերն էլ ոստիկանության համար սկսվեց հանրապետության ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներով:

Օրերս ոստիկանության պետը արտաքին ծառայության ստորաբաժանումներին ցուցում է տվել շարունակել և ուժեղացնել դպրոցականների և ընդհանրապես հետիոտնի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Մասնավորապես, դպրոցներին հարող փողոցներում ու դպրոցամերձ տարածքներում, հատկապես դասերը սկսվելիս և ավարտին, ուժեղացված ծառայությունն են շարունակելու ոստիկանական կարգախմբերը:

Ոստիկանությունը պիկ ժամերին պարեկելու է նաև վերգետնյա անցումների մոտ, կանգառներում, բոլոր այն կետերում, որտեղ անհրաժեշտ է համակարգել տրանսպորտի ու հետիոտնի երթևեկը:

Արվում է առավելագույնը պատահարներից ու վրաերթերից զերծ մնալու, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ՝ ոստիկանությունը հասարակությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել իր իսկ անվտանգությանն ուղղված միջոցառումներին:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, հստակ կատարեք պարեկող ոստիկանի օրինական պահանջները, մի՛ խմբվեք փողոցի բանուկ հատվածում, ուղևորատար տրանսպորտի սպասելիս մի՛ իջեք մայթերից, փողոցը հատեք անցումներով, հետևեք լուսացույցի ազդանշանին:

Հարգելի ծնողնե՛ր, ձեր կարգապահությամբ և օրինահարգությամբ լավագույն օրինակ տվեք երեխաներին, նրանց հետ հաճախ զրուցեք երթևեկության կանոնների և ընդհանրապես համակեցության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին:

Հարգելի վարորդնե՛ր, դուք երթևեկության անվտանգության ապահովման գլխավոր պատասխանատուներից եք: Եղեք զգոն, դպրոցամերձ տարածքներում պահպանեք սահմանված արագությունը, կանգառների և անցումների մոտ ուշադիր եղեք հետիոտնի երթևեկին, հարգալից ու հանդուրժող եղեք երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:
Ոստիկանությունը շարունակելու է անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումները՝ ակնկալելով քաղաքացիների ըմբռնումն ու աջակցությունը, ինչը հաջողության գրավականն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս