«Ո՞վ ասաց, որ Ռուսատանը Եվրոպա չէ, ինչո՞ւ եք այդպես աղետ սարքել». Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կարծիքով, Մաքսային միությանը անդամակցելու որոշմամբ Հայաստանն ամենևին չի փակում իր դռները Եվրոպայի առաջ: Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարության ու, ընդհանրապես, ցանկացած հայի համար առաջին հերթին Հայաստանի, Արցախի անվտանգության, ապահովության խնդիրները ամեն ինչից վեր են: «Գտնում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում` համագործակցել բոլոր կազմակերպությունների, կառույցների հետ, որտեղ նաև հաշվի կառնվեն մեր գերակա շահերը»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: 168.am-ի հարցին, թե չե՞ք կարծում, որ ՄՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի կառույցներ են, Սփյուռքի նախարարը այսպես արձագանքեց. «Նույն Եվրամիությունն ինքն այսօր ցանկություն է հայտնում ինչ-որ պայմանագիր ստորագրելու: Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանը նաև եվրոպական կողմնորոշման, եվրոպական արժեքներ կրող երկիր է և հետևաբար մեր առջև որևէ դուռ փակ չէ: Մենք պետք է աշխատենք, անլուծելի խնդիր չկա, մարդիկ են ստեղծում այդ կանոնները, որոնց վրա կարելի է աշխատել այնպես, որ… Իսկ ո՞վ ասաց, որ Ռուսաստանը Եվրոպա չէ: Աշխարհագրությունից ի՞նչ եք սովորել: Եվրոպան Ասիայից բաժանվում է Ուրալյան լեռներով, Ուրալ գետով և այլն և այլն: Ինչի՞ մասին է խոսքը: Ո՞վ ասաց, որ Ռուսատանը Եվրոպա չէ, ինչո՞ւ եք այդպես աղետ սարքել: Մենք պետք է հասկանաք, որ կա ազգային, պետական շահ, որը ամեն ինչից պետք է վեր պետք է դասենք»: Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ այդ տարածքում ապրում է երեք ու կես միլիոն հայ և Հայաստանը շահագրգռված է «փայլուն» հարաբերություններ ունենալ ՌԴ հետ: «Իսկ ո՞վ ասաց, որ սա առաջին քայլն է, առաջին դեպքն է, որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն. 92թ.-ից մեր ռազմաքաղաքական դիրքորոշումը դա է. ստորագրվել է պայմանագիր, մենք գնում ենք այդ ուղղությամբ»,- նկատեց նա: Հարցին, թե Սփյուռքի տրամադրությունը ՄՄ-ին անդամակցելու հարցում ինչպիսի՞ն էր, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Շատ ու շատ առողջ մտածող մարդկանց հետ ես հանդիպել եմ, խոսել եմ և նրանք համարում են, որ Հայաստանի անվտանգությունն ամեն ինչից վեր է: Գտնում են, որ մենք չենք կարող միանգամից կտրել հարաբերությունները: Եվ նույն եվրոպական կամ ամերիկյան բիզնեսմենների համար էլ մեծ շուկա է բացվում՝ ԱՊՀ տարածք, երեք հարյուր միլիոնանոց շուկա, որ իրենք նաև գալով Հայաստան՝ կկարողանան դուրս գալ նաև Մաքսային միություն: Ոչ մի դժվարություն կամ անհանգստություն ես մեր հայրենակիցների կողմից չեմ նկատել»:

Տեսանյութեր

Լրահոս