Բաժիններ՝

Զինվորներին ծեծած մայորը համաներումով ազատվեց

Երեւան քաղաքի բնակիչ, 1963 թվականին ծնված Սամվել Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, կոչումով մայոր, 2013թ. հունիսի 7-ին զորամասն ինքնակամ թողնելու համար դիտողություն է արել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Գրիգորյանին, որի ընթացքում հայհոյանքներ տալով ծեծի է ենթարկել վերջինիս՝ մի քանի անգամ ոտքով հարվածելով նրա աջ ոտքին:

tesankyun.am-ի փոխանցմամբ` Ս. Մարտիրոսյանը նույն оրը՝ հունիսի 7-ին զորանոցում բջջային հեռախոսով խոսելու վերաբերյալ դիտողություն է արել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող ժամկետային զինծառայող, շարքային Էմմանուել Զաքարյանին, որի ընթացքում հայհոյանքներ տալով ծեծի է ենթարկել Զաքարյանին՝ մի քանի անգամ ձեռքերով հարվածելով նրա գլխի շրջանին:

Սամվել Մարտիրոսյանին 2 մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով՝ 358.1 հոդվածի 2-րդ մասով(«Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին( ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի ( ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ»):

Սույն հոդվածով բնութագրված արարքը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով , կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նախկինում չդատված Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հոկտեմբերի 28-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Սամվել Մարտիրոսյանին առաջադրված 2 հոդվածներով մեղավոր ճանաչել, հոդվածներից յուրաքանչյուրով նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման , կիրառել ՀՀ քրեական օրենքսգրքի 66 հոդվածի 3-րդ մասը՝ պատժաչափերն իրար գումարելով, որպես վերջնական պատիժ ,Ս. Մարտիրոսյանին դատապարտել 1 տարի ազատազրկման:

Դատարանը վճռել է կիրառել ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ Սամվել Մարտիրոսյանին ազատել պատժից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս