Բաժիններ՝

Հաշմանդամ կնոջը թույլ չեն տվել իր տան խնդիրը ներկայացնել վարչապետին

2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված` 10 մ երկարությամբ, փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 72-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա:

tesankyun.am-ի փոխանցմամբ` Ն. Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի՝ Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը` Ռազմիկ Հարությունյանը 5 տարի առաջ մահացել է թոքերի հիվանդությունից, որը կնոջ խոսքերով՝ առաջացել է տան խոնավությունից: Նրանք ամուսնացել են 50 տարի առաջ: Ադրբեջանի Ղազախ քաղաքում Ռազմիկը հմուտ արհեստավոր էր, կինն էլ կոնֆետի գործարանում արտադրամասի վարպետ էր աշխատում: 1987թ. ընտանիքը Ղազախից տեղափոխվել է Ռազմիկի ծննդավայր՝ Ոսկեպար: Մինչ տեղափոխումը նրանք Ոսկեպարում տուն են կառուցել, սակայն տարիների ընթացքում սողանք է ի հայտ եկել:

-Երազում էինք հայրենիքում տուն սարքել, սակայն այն սողանքի տակ է,-ասում է տիկին Նարենգյուլը: Նրա տան առաջին հարկը ամբողջությամբ հեղեղվել է ջրով, եղած ողջ սնննդամթերքը փչացել է: Պատից պոկվել-ընկել են նաեւ վարագույրները, տան հատակը չի չորանում: Ավելի քան 2 տարի շարունակվող սողանքի, խոնավության պատճառով Նարենգյուլի տան հեռուստացույցը, փոշեծծիչը, երկու ձեռագործ գորգերը, հայելով պահարանը շարքից դուրս են եկել, փչացել; Ն. Հարությունյանը երկրորդ խմբի հաշմանդամ, տեսողության մեծ խնդիրներ ունի. ձախ աչքը երկու անգամ վիրահատվել է: Ն. Հարությունյանը տան խնդրով դիմել է Ոսկեպարի գյուղապետարան, Տավուշի մարզպետարան եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչություն: Եկել են, ուսումնասիրել:

Մարզպետարանում այդ կապակցությամբ փոքր խորհրդակցություն է եղել, հարցը ներկայացվել է կառավարություն: 2011 թ. հուլիսի 5-ին հաշմանդամ կինը իր տան վիճակը ներկայացրեց Ոսկեպար այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս մեր ներկայությամբ եղավ սողանքի վայրում, ծանոթացավ Ն. Հարությունյանի տան վատթար վիճակին: Մարզպետը խոստացավ աջակցել: Մարզպետարանի միջոցով պետբյուջեից 200 հազար դրամ օգնություն է ցուցաբերվել Ն. Հարությունյանին: Տիկին Նարենգյուլն ասաց, որ այդ գումարը մաս-մաս է տրվել, այն տրվել է որպես իր աչքը բուժելու ծախս:

Նա 4 զավակ ունի, սակայն նրանք առանձին են ապրում, սոցիալական վատ վիճակում են, չեն կարող օգնել: Իսկ սողանքը չի սպասում,տան կրած վնասները մեծանում են:2013թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սահմանամերձ Ոսկեպարում մասնակցել է համայնքային կենտրոնի բացմանը: Տիկին Նարենգյուլը ցանկացել է վարչապետին ներկայացնել իր տան խնդիրը, սակայն դա նրան թույլ չեն տվել: Նարենգյուլ Հարությունյանն ասաց, որ առանձնատանը կից շինություններն արդեն սողանքից քանդվել են եւ արդեն փակում են տան մուտքը:

tatik1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս