Բաժիններ՝

Դիմակավորված անձինք փորձել են թալանել Բլեյանի դպրոցը

Մի խումբ դիմակավորված անձնիք այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում փորձել են թալանել Աշոտ Բլեյանի ղեկավարած Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցը, որ գտնվում է Բաբաջանյան 25 հասցեում:

«Նրանք թափանցել են ներս` ջարդելով պատուհանը, բայց պահակը տեղում է եղել և արժանի հակահարված է տվել»,- NewsBook.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը և հավելել, որ ոստիկանությունն արագ տեղեկացվել է միջադեպի մասին, օպերատիվ կերպով ժամանել և հիմա կատարում է համապատասխան գործողություններ:

Բլեյանը հայտնել է, որ դպրոց մուտք գործածներին չի հաջողվել որևէ բան գողանալ, բայց նրանք դիմել են փախուստի, և իր ունեցած տեղեկություններով` առայժմ նրանցից ոչ ոքի չեն ձերբակալել:

Դպրոցի տնօրենը որևէ մեկին չի կասկածում հանցագործության կատարման մեջ:

«Ու՞մ կասկածեմ, դիմակավորված, սոված ժողովուրդ: Սա խոսում է այն մասին, որ պահպանման հարցը դառնում է օրակարգային, և քանի որ պետական ունեցվածքը մի քանի դպրոցներն են, բուժհիմնարկները, իսկ դրանց պահպանումն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է, ապա լավ կլինի, որ կառավարությունը կամ քաղաքապետարանը անդրադառնան այդ հարցին և զբաղվեն դրանց պահպանմամբ»,- ասել է Բլեյանն ու նկատել, որ ի՞նչ կարող է անել պահակը, երբ դիմակավորված անձինք են հարձակվում:

«Դեռ լավ է, որ պահակը` որպես սեբաստացի, իրեն խիզախ է պահել, բայց կարող էր և այդպես չլինել. շենքը մեծ է, նա կարող էր վախենալ, նրան կարող էին կապել»,- ասել է Բլեյանը և տեղեկացրել է, որ միջադեպը որևէ կապ չի կարող ունենալ դպրոցի դասապրոցեսի հետ, և դասերը իրենց բնականոն հունով շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս