
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է համաներում

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառվել է համաներում` գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումն էլ դադարեցվել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Խաչատրյանն իր մոտ էր կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա. Բաղրամյանին ու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու և նրան աջակցելու համար պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթեր: Վերջինիս կողմից ներկայացվել է պահանջված փաստաթղթերը, իսկ Ս.Խաչատրյանը դրանք ուղարկել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն:
Ս. Խաչատրյանը զոհված ազատամարտիկի այրիին աջակցելու համար, նրանից պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար: Կատարած արարքի համար Ս. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը: