Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարին

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հարավային Կորեա` մասնակցելու հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայանալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարին:

Հայրապետական շքախմբի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակության կազմում են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Արևելյան թեմ), Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Ավստրալիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան Տ. Բագրատ վարդապետ Պուրճեկյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմպերճյանը, Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը, Մայր Աթոռի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն Փոլա Տեր-Մաթոյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակից Գոհար Ղալաչյանը, Լոզանի համալսարանի դոկտորանտ Անի Ղազարյանը:

«Կյանքի Աստված, առաջնորդի´ր մեզ դեպի խաղաղություն և արդարություն» խորագիրը կրող համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Բուսանի ցուցահանդեսների սրահում, որտեղ համաժողովի 4000 մասնակիցներին իր պատգամը կհղի Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համաժողովին մասնակցելու են 150 երկրների շուրջ 360 Եկեղեցիների ներկայացուցիչներ, եկեղեցու պետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական գործիչներ: Համաժողովի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն առանձին հանդիպումներ կունենա տարբեր Եկեղեցիների առաջնորդների և ԵՀԽ պաշտոնյաների հետ:

ՀԱԵ պավիրակների մեծ մասը ներգրավված է համաժողովի տարբեր աշխատանքային խմբերում և ԵՀԽ կոմիտեներում: Որպես երիտասարդ մասնակիցներ` համագումարի աշխատանքներին իրենց օգտակարությունն են բերելու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի աշխատակից Տաթևիկ Հակոբյանը և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Սարգիս Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս