Բաժիններ՝

Քաղաքապետարանը գողերին մոտեցրել է բնակարաններին (տեսանյութ)

Շենգավիթ վարչական շրջանի «Երեւան սիթի» սուպերմարկետի դիմաց՝ Ծերեթելի-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում սկսված վերգետնյա նոր անցումի շինարարությունն ընթանում է ամբողջ թափով։

news.am-ի փոխանցմամբ` Բագրատունյաց 8 շենքի բնակիչներից ստացած բողոքների հիման վրա կայքը-ը հոկտեմբերի 25-ին հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ ճշտելու, թե արդյոք վերոնշյալ հասցեում կառուցվող վերգետնյա կամուրջը համապատասխանում է ընդունված չափորոշիչներին։ Պատասխան դեռ չկա, թեեւ նամակում հստակ նշված է, որ դրան անհրաժեշտ է շտապ ընթացք տալ, քանի որ շինարարությունն արդեն մոտենում է ավարտին։

5 մետր բարձրությամբ կամուրջն այնքան է մոտենալու շենքի երկրորդ հարկի բաց պատշգամբներին, որ բնակարանային գողերի համար դժվար կլինի դիմանալ գայթակղությանը։

Ավելին՝ «գողերի գործը հեշտացնելու համար» հոկտեմբերի 27-ին բանվորները հենասյունի երկայնքով տեղադրել են աստիճան, որն ավարտվում է ճիշտ երկրորդ հարկի բաց պատշգամբի մոտ։ Բանվորները երեկոյան մութն ընկնելուց հետո դադարեցրել են աշխատանքը ու հեռացել՝ իրենց հետեւից թողնել ամուր կանգնած աստիճանը։ Ամբողջ գիշեր շինարարության վայրում ոչ մի բանվոր չի երեւացել։ Բնակիչները ասել են, որ գիշերը չեն կարողացել հանգիստ քնել։

Բնակիչները նաեւ դժգոհում են, որ մեկ այլ խնդիր է առաջանալու, երբ կամուրջը պատրաստ լինի։ Կամրջի վրայով անցնողները ակամա ականատես են դառնալու բնակարանների նիստուկացին։ Անցորդների հայացքներից ստիպված են լինելու թաքնվել անթափանց վարագույրների հետեւում, ինչը նշանակում է զրկվել բնական լույսից։

Կառուցվող վերգետնյա անցումը, տեղում աշխատող բանվորների հաշվարկներով, ընդամենը 50 սմ է հեռու լինելու բնակելի շենքից։

Տեսանյութը այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս