
Գերմանիայի ԱԳՆ. դաշնակիցների կողմից գաղտնալսումները քաղաքական մեծ վնաս են հասցնում

Լրտեսական գործունեությունը, որով, հնարավոր է, զբաղվել են ամերիկյան հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում, քաղաքական մեծ վնաս կհասցնի, կիրակի հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն: «Քանի որ դա սպառնում է խզել այն կապերը, որոնք մեզ միասին են պահում եւ որոնց կարիքը մենք ավելի շատ ենք զգում գլոբալացվող աշխարհում համատեղ ապագայի կառուցման համար: Տեխնիկապես հնարավոր ոչ ամեն բան է քաղաքականապես ողջամիտ»,-ասել է գերմանացի պաշտոնյան:
«Գերմանական հողի վրա գործում է գերմանական իրավունքը, որը բոլորի համար է` գերմանացիների եւ օտարերկրացիների, ինչպես նաեւ դիվանագետների եւ դեսպանությունների»,-հայտարարել է Վեստերվելեն:
Ավելի վաղ Spiegel-ը գրել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները Բեռլինի կառավարական թաղամասում հաղորդակցությունների նկատամամբ լրտեսական գործունեություն են իրականացրել ամերիկյան դեսպանատնից: