
Սկեսուրը մեղադրվում է տաշտակով հարսի գլխին հարվածելու մեջ

Հոկտեմբերի 28-ին Մարտունի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի առողջությանը թեթև վնասվածք պատճառելու գործով դատական նիստը: Գործով մեղադրանք է առաջադրվել Ս. Ալվանդյանին: «Ս. Ալվանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գտնվող իր առանձնատանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ պոլիէթիլենային տաշտակով դիտավորությամբ հարվածել է իր հարս` Մարտունի քաղաքի բնակչուհի Ն. Ավետիսյանի գլխի շրջանին` պատճառելով թեթև մարմնական վնասվածք` առողջության կարճատև քայքայումով»,- ըստ Datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Ս. Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Ծանուցում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: