Մեղադրվում է մալուխի գործադրմամբ և ոտքերով առանձին դաժանությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ է ընդունվել մալուխի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը: Datalex Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Կ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
«Կ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 22-ին, ժամը 13:00-ի սահմաններում, գտնվելով Ռ. Էլոյանի Երևանի բնակարանում, իր մոտ գտվող մալուխի գործադրմամբ, ինչպես նաև ոտքերով դիտավորությամբ առանձին դաժանությամբ հարվածել է Ռ. Էլոյանի մարմնի տարբեր մասերին և գոտկային 4-րդ ողի փակ կոմպրեսիոն կոտրվածքի, պարանոցի շրջանի, զույգ հոնքերի դրսային մակերեսների, աջ բազկի մ/3-ի կողմնային մակերեսի, աջ ոտնաթաթի թիկնային կողմնային արյունազեղումների և արյունահավաքների ձեևերով վերջինիս առողջությանը պատճառվել միջին ծանրության վնաս»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: Կ. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: