
Արարատ Զուրաբյան. Մենք պայքարելու ենք, որպեսզի վարչապետն իր կառավարության հետ հեռանա իշխանությունից

ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարին, ինչպես տեղեկացրել ենք, հրավիրված էին ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, բացի ՀԱԿ-ից: Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը հրավիրված չէ, ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Այդ հարցն անգամ տեղին չէ: Նրանք որոշել են, որ ՀՀՇ-ն չպետք է գոյություն ունենա, իսկ մենք այդ կարծիքին չենք: Ընդհանրապես մեր պայքարը ՀԱԿ-ի հետ չէ, այլ` այս ապօրինի իշխանությունների, ինչի շուրջ մենք ընդհանրություններ ունենք ՀԱԿ-ի հետ»:
Լրագրողներն Արարատ Զուրաբյանին հարցրեցին՝ ինչո՞ւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավիրված չէ համագումարին՝ հիշեցնելով, որ նա ներկա է եղել իր ծննդյան տարեդարձին: Ի պատասխան Ա. Զուրաբյանն ասաց. «Վարչապետին կարող եք գնալ և տեսնել Կառավարության շենքում, իսկ իմ հաջորդ տարեդարձին ձեզ էլ եմ հրավիրում: Կարծում եմ` որևէ արտառոց բան չկա, եթե մարդիկ կարողանում են անգամ ինչ-որ տեղ իրար հետ մի սեղանի շուրջ նստել` ունենալով տարբեր հայացքներ: Իսկ ընդհանրապես մենք պայքարելու ենք, որպեսզի այդ վարչապետն իր կառավարության հետ հեռանա իշխանությունից»: