Բաժիններ՝

Անչափահասը մեղադրվում է գողության և գողության փորձի մեջ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթ է ընդունվել գողության փորձի դեպքով հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել անչափահաս Ա. Բարսեղյանին: Նրան «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 15-ին 23:00-ի սահմաններում, հրելու եղանակով բացել է Երևան քաղաքի Ազատության փող. 2-րդ նրբանցքի 9 հասցեում գտնվող «Ֆիմաթեմատիկական» թեքումով դպրոցի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, տնօրենի աշխատասենյակի դռները բացելով՝ մտել է աշխատասենյակ և գաղտնի հափշտակել 225.000 դրամ արժողությամբ  «ԴԵՈՒ» ֆիրմայի հեռուստացույց, 100.000 դրամ արժողության «ՅՈՒՆԻՔՈՄՓ» նոթբուք համակարգիչ, 80.000 դրամ արժողության «ՔԵՆՈՆ» ֆիրմայի պատճենահանման սարք և 30.000 դրամ արժողության հուշամեդալ, պատճառելով զգալի չափի՝ 435.000 դրամի գույքային վնաս:

Բացի այդ՝ 2013թ. հուլիսի 16-ին, ժամը 15:00-ի սահմաններում Աբովյան փողոցի «Վոյաժ» սրճարանում, իր ծանոթ Տ. Ակունցի հետ հանդիպման ժամանակ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով, սեղանի վրայից աննկատ վերցրել է վերջինիս Դ.Մալյան փող. 8 շենքի 43 բնակարանի մուտքի դռան բանալիները, մտածածին պատրվակով դուրս եկել սրճարանից, գնացել Ակունցի բնակարան, հիշյալ բանալիներով մուտք գործել ներս և տիրացել խոշոր չափի՝ 1.521.500 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերին, 144.500 դրամ արժողության արծաթյա զարդերին, 20.000 դրամ արժողության բիժուտերիային և այլ իրերի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել»:

Ա. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Գործում որպես իրեղեն ապացույց առկա է սպորտային պայուսակը, կիսաթև շապիկը և գլխարկը՝ փաթեթավորված 1 փաթեթում: Որպես խափանման միջոց ընտրված է գրավը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս