Բաժիններ՝

Սերիալային սուտ մատնության գործը համաներմամբ կարճվեց

Լաուրա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնությունը: Ըստ մեղադրանքի՝  նա, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «հանցագործության մասին» սուտ հաղորդում է տվել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ հաղորդման՝  2012թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 17։30-ի սահմաններում, իր փաստացի ամուսին Հարություն Հարությունյանը ճանապարհելիս է եղել իր ապօրինի դստերը՝ Մարիամ Գրիգորյանին, որի հեռանալուց հետո բարձրացել է բնակարան և նկատել, որ ննջասենյակից բացակայում է իր 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա թևնոցը և 300.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։ Նշել է նաև, որ «լիովին համոզված է, որ դա կատարել է Մարիամ Գրիգորյանը»։

Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Լաուրա Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն  տեղեկացված լինելով, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ընդունել է Համաներում հայտարարելու մասին որոշումը՝ դիմել է Դատարանին` իր նկատմամբ համաներման վերոնշյալ ակտը կիրառելու, ոչ արդարացնող այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու խնդրանքով։

Պաշտպան Հ.Իսրայելյանը միացել է  իր պաշտպանյալի դիրքորոշմանը, իսկ մեղադրող Վ.Պողոսյանն  էլ  չի առարկել այդ միջնորդության դեմ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր  Արշակ Վարդանյանի, հոկտեմբերի 21-ի որոշմամբ փաստել  է, որ  առկա է ոչ արդարացնող այդ հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնեու և գործի վարույթը կարճելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը` ամբաստանյալի համաձայնությունը, քանի որ վերջինս է Դատարանին դիմել Համաներման որոշումն իր նկատմամբ կիրառելու միջնորդությամբ։  Դատարանը նաև փաստել  է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը Համաներման որոշումը կիրառելու խոչընդոտ չի հանդիսանում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս