Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկաններին. Անցել են ժամանակները, երբ ինչքան շատ թրև գաս, էնքան ավելի լավ տղա ես (տեսանյութ)

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստը, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013թ. 9 ամիսների  օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն է եղել:

Նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ դիմելով կոլեգիայի անդամներին,  հայտարարել է. «Նպատակը նա չէ, որ մենք թվեր լսենք, գոհանանք, խոսենք թվերից: Նպատակն, ընդհակառակը, կայանում է նրանում, որ թվերը մեր իրականության հետ համահունչ անենք: Մենք ինքներս՝ ոստիկաններս, մեր մեջ, մեր ներաշխարհում հասկանանք՝ ինչքան են համապատասխանում մեր թվերը մեր արած գործին և այն զգացողությանը, որը մենք պետք է զգանք հանցագործություն բացահայտելու կամ ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ անելու ժամանակ: Նպատակը նա է, որպեսզի տարին փորձենք փակել վերջին մեր ոստիկանական ակորդով՝ հաղթական ակորդով»:

Վերլուծելով առկա թերթությունները Վլադիմիր Գասպարյանը նշել է. «Անցել են ժամանակները, երբ ինչքան շատ թրև գաս, էնքան ավելի լավ տղա ես: Ինչքան շատ աշխատես, էնքան լավ մարդ ես ու լավ ոստիկան: Որ վետերոկներում թրև գան, օբյեկտներում թրև գան, շաբաթը մեկ քավոր, շաբաթը մեկ սանիկ, շաբաթը մեկ հարսանիք… Էնքան գործ կա այս համակարգում: 24 ժամը չի հերիքում:

Հլը մի հատ աշխատող տղերքից հարցրե՛ք: Գիշերը ցերեկ արած, ուռած աչքերով, հոգնած, կտրված ձենով, տանջված տեսքով… 24 ժամը չի հերիքում, աշխատում են: Աշխատում են, փառք ու պատիվ են բերում մեր համակարգին, մեր համազգեստին, մեր ոստիկանությանը: Գոնե էտ տղերքից օրինակ վեկալեք: Էտ պարկեշտ տղերքից, ով, պատիվն իրա բուռն առած, էս համակարգը բարձրացնում է: Փառք ու պատիվ ձեզ, տղեք, երախտապարտ ու շնորհակալ եմ ձեզանից: Այս դահլիճում 3 ամիս առաջ, երբ մենք կիսամյակ էինք ամփոփում, ես խոստումներ էի տվել կտրուկ և վճռական լինել բոլոր թերացող ոստիկանների նկատմամբ: Ասել էի՝ փիլիսոփայորեն կմոտենամ դեռ 9 ամիներին մտածելով, որ… Սակայն եթե տարին փակվելուց ես ունենամ շարքային փնթիության, շարքային անտարաբերության, շարքային լկտիության նման դրսևորումներ, ոչ միայն կավարտվի պաշտոնից հրաժարվելով, այլ շատ ավելի խիստ կլինեմ»:

Տեսանյութեր

Լրահոս