Սուրեն Սուրենյանցի նկատմամբ կիրառվել է համաներում
Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ համաներման ակտի ընդունման հիմքով` քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը` դադարեցվել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Սուրենյանցը դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում, դատարանն էլ հաշվի է առնել այդ հանգամանքը և այն, որ Ս. Սուրենյանցն ունի մինչև երեք տարեկան երեխա:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով`խոշոր չափերով խարդախություն: Ըստ մեղադրանքի՝ Ս. Սուրենյանցը, 2012թ. հուլիսի 26-ին, հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ վերջինս ցանկանում է, որ որդին՝ Ռաֆիկ Սարգսյանն ընդունվի Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ Ինքն էլ Հ.Սարգսյանին վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել, որին Հ.Սարգսյանը համաձայնել է։
2012թ. հուլիսի 26-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս.Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով` նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։