«Վախենում եմ` հաջորդ զոհաբերվողը լինի Ղարաբաղը». Արամ Մանուկյան
«Ես վախենում եմ բոլոր գաղտնի գործընթացներից, որովհետև դրանք իրենց մեջ ռումբեր են պարունակում, ես իմ մաշկի վրա զգացի գազի պայմանագրի չերևացող կողմերը»- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ Մինսկում նախաստորագրված Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթին: Նա նշեց, որ ՀԱԿ-ը փաստաթղթի բովանդակության առումով որևէ տեղեկություն չունի. «Մենք չգիտենք, թե ի՞նչ փաստաթղթեր են դրանք: Հետո էլ Եղավ Զորի նամակը. դա փաստորեն ձև է, որով այս խորհրդարանն աշխատում է. իրենք նախապես առաջ են գցում մունետիկներին, որ նախապատրաստի հասարակությանը, սա մարտահրավեր է այնքանով, որ իշխանությունները կարող են զոհաբերել Ղարաբաղը՝ իրենց սուվերենությունը պահելու համար. վախենում եմ` հաջորդ զոհաբերվողը լինի Ղարաբաղը։ Չի մնացել որևէ կառույց, որ ՀՀ իշխանությունները լուրջ գնահատեն: Ես կարծում եմ, որ Զորիի նամակը համաձայնեցված է եղել ՀՀ իշխանությունների հետ, և հիմա էլ մենք տեսնում ենք նման շարունակություն»: Նա հիշեցրեց նաև գազի ստորագրման պայմանագրի մասին, որի պատճենը երկար ժամանակ փորձում էր ստանալ, ապա հայտնեց, որ կրկին դիմել է վարչապետին 2008 թվականի պայմանագիրը և դրան հետևող համաձայնագրերը ստանալու խնդրանքով: «Տարբերակ չկա, որ տակը վատ բան չլինի. բոլոր գործընթացներում Հայաստանի իշխանություններն իրենց արժանապատիվ չեն պահել: Գաղտնի է, որովհետև միայն կորուստի քաղաքականություն է: Ի՞նչ է Զորիի այս լալկան հայտարարությունը՝ նվաստացնող բան: Բա մեր զոհերի թափած արյո՞ւնը… Իշխանությունները ձախողել են իրենց բոլոր խոստումները, ինչ իշխանություն է, որ ոչ պատերզմական իրավիճակում տնտեսական կորուստներ են լինում»,-նշեց Մանուկյանը։