
Մոսկվան ԱՊՀ երկրներին առաջարկել է «թեթև» թմրանյութերի օրինականացման դեմ համատեղ հայտարարություն ընդունել

Ռուսաստանը ԱՊՀ մյուս երկրներին առաջարկում է «թեթև» թմրանյութերի օրինականացման դեմ համատեղ հայտարարություն ընդունել: Ըստ INTERFAX-ի` նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ:
«Վերջին ժամանակներում թմրանյութերի խնդրին վերաբերող քննարկումների ժամանակ թեթեւ վերաբերմունք է նկատվում թմրամոլության դեմ պայքարի խնդիրներին. առաջարկում են օրինականացնել «թեթեւ» թմրանյութերը, որոշ երկրներում այդ գործընթացն անգամ սկսում է իրավական ձեւակերպում ստանալ»,-հայտարարել է նա:
«Կցանկանայինք առաջարկել մտածել միասնական հայտարարությամբ հանդես գալու մասին, որը կլինի հակիրճ, դիպուկ` ի պաշտպանություն հակաթմրանյութային համագործակցության հիմնարար սկզբունքների»,-հայտարարել է Լովրովը: