
Վթարից 5 ամիս հետո կոմայի մեջ է

2013թ. մայիսի 28-ի երեկոյան խոշոր վթար էր տեղի ունեցել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում: Իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 24 LO 705 պետհամարանիշի եւ «Ռովեր» մակնիշի 33DS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է tesankyun.am-ը:
Վթարից զոհվել էին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի բնակիչներ,1985 թ. ծնված Սմբատ Սերոժի Ղալթախչյանը եւ 1983թ. ծնված Թաթուլ Գառնիկի Դալլաքյանը: Սմբատ Ղալթախչյանը ոստիկան էր, կոչումով՝ ավագ: Վթարից ծանր վիրավորվել էր «Մերսեդեսի» վարորդը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի բնակիչ,1969թ. ծնված Սամվել Ժորայի Զուրաբյանը: Նա Նոյեմբերյանի զորամասի սպա է, կոչումով՝ կապիտան: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւան: Ներկայումս վթարի վերաբերյալ քրեական գործով քննություն չի կատարվում, քանի որ Սամվել Զուրաբյանն ի վիճակի չէ ցուցմունք տալու: Կայքին ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Արտյոմ Կիրակոսյանինը ասել է , որ Սամվել Զուրաբյանն իրենց մոտ բուժում է ստանում, շարունակում է մնալ կոմայի մեջ: Ա. Կիրակոսյանի վկայությամբ՝ Սամվել Զուրաբյանը վեգետատիվ վիճակում է, թեեւ նրանից անջատված է արհեստական շնչառության սարքը, նա ինքնուրույն է շնչում, սակայն շարունակում է մնալ անգիտակից : Բաժանմունքի վարիչի պաշտոնակատարն ասաց,որ Ս. Զուրաբյանը բազմաթիվ վերքեր ունի, որոնց բուժումից հետո պետք է լուծվի նրա հետագա խնամքի հարցը: