Բաժիններ՝

Բողոքի ակցիա՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի առթիվ

«Հոկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում տեղի ունեցավ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը: Ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա ադրբեջանական զինուժի արձակած կրակահերթից զոհվեց ժամկետային զինծառայող Գարիկ Արտակի Պողոսյանը:

Ցավով պետք է նշենք, որ միջազգային կառույցների կողմից ադրբեջանական ագրեսիայի հանդեպ անտարբեր վերաբերմունքը զինադադարի ռեժիմի հերթական խախտման և ևս մի հայ երիտասարդի մահվան պատճառ դարձավ: Հատկապես մտահոգիչ է ԼՂՀ հիմնախնդրի  խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ-ի անտարբերությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների հերթական կեղտոտ սադրանքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի անհասկանալի լռությունը: Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը, սակայն անպատասխան է մնացել ԵԱՀԿ-ի կողմից: Մենք` ուսանողներս, շարունակելու ենք տարբեր ատյաններում պահանջել, որպեսզի դատապարտվի Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և տրվի քաղաքական գնահատական: Միևնույն ժամանակ մենք հետևողական ենք լինելու, որ ԵՊՀ ուսանողների ձայնն ամենայն լրջությամբ լսելի լինի ԵԱՀԿ համապատասխան կառույցներում:

Համոզվա՛ծ եղեք, որ ԵՊՀ ուսանողը պատրաստ է վայր դնել գրիչը և մեկնել պաշտպանելու հայրենիքը»:

ԵՊՀ ուսանողական խորհուրդ
Լուսանկարը՝ tert.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս