
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ՀԿԽԸ-ն Արարատի մարզի Լուսառատ համայնքում դպրոց կվերանորոգի

Հոկտեմբերի 24-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին (նստավայրը` Մոսկվա) կստորագրեն պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի կառավարությունը 92 061 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀԿԽԸ-ին` Արարատի մարզի Լուսառատ համայնքի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման համար:
Պայմանագրի ստորագրմանը ներկա կլինի նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն արդեն 2014 թվականին հնարավորություն կունենան կրթություն ստանալու բարեկարգ և ժամանակակից դասարաններում:
Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժինը դեռ 2008թ., ծրագրային գործունեության իրականացման ընթացքում, Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում:
Արդյունքում պարզվել էր, որ սահմանամերձ, հիմնականում փախստականներով բնակեցված Լուսառատ համայնքի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր կրթական գործընթացի որակի վրա:
Կարևորելով բարեկարգ պայմաններում դպրոցահասակ երեխաների բարձրորակ ուսուցման կազմակերպումը և խնդրի հրատապությունը` ՀԿԽԸ-ն նախաձեռնել էր միջոցների հայթաթման ակտիվ գործունեություն, որի նպատակն էր աջակցել դպրոցի վերանորոգմանը և ուսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լուսառատ համայնքի դպրոցի առաջին հարկի վերանորոգման ծրագիր էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը, որը դրական արձագանք էր ստացել` արժանանալով դրամաշնորհի:
Դպրոցի առաջին հարկի վերանորոգման ու կահավորման աշխատանքներն իրականացվեցին 2011թ. փետրվար-մայիս ամիսներին, և նույն թվականի սեպտեմբերի 1-ին կայացավ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա գտնվեցին ՀԿԽԸ նախագահը, ՀՀ Արարատի մարզպետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք: