Նաիրա Զոհրաբյան. Ես երբեք չեմ կիսել Զարուհի Փոստանջյանի որևէ տպավորություն
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ առավոտյան տեղի ունեցած հանդիպումից: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հրավիրել էր խորհրդակցության` քննարկելու վեհաժողովներում պատվիրակությունների նոր կանոնակագը: 168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե քանի դեռ քննարկումները շարունակվում են, ինքը չի կարող բացել հանդիպման փակագծերը:
«Միայն մեկ բան կարող եմ ասել` առաջարկվել է միջազգային պատվիրակությունների կազմավորման մոդել, առաջարկվել է այն, ինչ բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների սահմաններում է: Քանի որ ես չունեմ լիազորություն հայտարարելու` ինչ մոդել է առաջարկվել, չեմ հրապարակի»,- նշեց նա` ավելացնելով, որ իրենք հարցը կքննարկեն խմբակցությունում, կձևավորեն տեսակետ և կհայտնեն այն:
Իսկ մեր այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, թե Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի ինքն անձամբ ընտրել պատվիրակությունների անդամներին, ԲՀԿ քարտուղարն այսպես արձագանքեց. «Ես երբեք չեմ կիսել Զարուհի Փոստանջյանի որևէ տպավորություն և այսօր էլ շարունակում եմ չկիսել իր որևէ տպավորություն»: