Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը բողոքարկվել է
Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը այսօր Վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ: Վարդան Սեդրակյանը դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, այն է՝ քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ, և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Պաշտպան Սիրունյանը ֆեյսբուքում ներկայացրել է հատված վերաքննիչ բողոքից:Ըստ այդմ,«ըստ էության, ընթերցելով դատավճիռը, ստացվում է, որ դատավարության մասնակիցներից ինչ-որ մեկի կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ, որովհետեւ ստացվում է, որ առանց դրդապատճառի, առանց նպատակի, առանց պատշաճ դրդելու (ստիպելու, վարձատրելու…), առանց կազմակերպչական աշխատանքի, առանց գին պայմանավորվելու եւ վճարելու (դիլխոր չէք մնա ասելով) Վ.Սեդրակյանը հանձնարարում է սպանել ոչ ավել-ոչ պակաս Պարույր Հայրիկյանին, հեռու չգնալու համար դա հանձնարարում է իր դիմացի հարևանին (որ բացահայտելը հեշտ լինի), կատարողներին հանձնարարում է Պ.Հայրիկյանին հետևյալ հենց իր՝ Վ.Սեդրակյանի մեքենայով (03-333 պետհամարանիշներով), որ կասկած չլինի, որ դա իր մեքենան է, չհաջողված սպանության իր «հանցակիցներին» չի հեռացնում հանրապետությունից (առնվազն՝ չի պարտակում), որպեսզի իրավապահների աշխատանքը չդժվարացնի, Խ.Պողոսյանին էլ խորհուրդ է տալիս «ՆԱԳԱՆ»-ը եւ փամփուշտները տանել տուն, ապահով պահել, որ գործը հեշտ բացահայտվի…»: