Բաժիններ՝

Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 21-23-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես նշվում է ԱԱԽ հաղորդագրության մեջ, Յուրի Ֆեդոտովը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակն է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և ՀՀ պետական պատկան մարմինների միջև համագործակցության ուղիների նախանշումն ու զարգացումը: Նա նշել է, որ ոչ մի երկիր միայնակ չի կարող պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Այն ավելի համակարգված և արդյունավետ կարող է լինել, եթե կա համագործակցություն և կոնկրետ միջոցառումների ցանկ:

ԱԱԽ քարտուղարը նախ կարևորել է Յուրի Ֆեդոտովի այցը և իր պատրաստակամությունն է հայտնել զարգացնելու և խորացնելու սկիզբ առնող համագործակցությունը: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, որի արդյունքում այսօր Հայաստանում թմրանյութերի օգտագործման և տարածման ցուցանիշները բավականին ցածր են:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իր գլխավորությամբ գործում է Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀԱՊԿ շրջանակներում ամեն տարի իրականացվում է «Կանալ» հակաթմրանյութային գործողությունը, իսկ ԱԱԽ աշխատակազմը մշակել է Թմրամոլության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որը շուտով կհաստատվի Անվտանգության խորհրդի նիստում:

Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ այս և բազմաթիվ այլ ձեռնարկվող միջոցառումներ թույլ են տալիս, որ Հայաստանում այդ չարիքի դեմ իրականացվի արդյունավետ պայքար:

Արթուր Բաղդասարյանն ու Յուրի Ֆեդոտովը պայմանավորվել են առաջիկայում Հայաստանի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս