
ՀԱԿ-ն իր դիտողությունները ներկայացրել է, բայց վերջնական որոշումը ԱԺ նախագահինն է

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ նախագահն է որոշում պատիվիրակությունների ձևավորման կարգը, սակայն մինչև հիմա այդ կարգը որոշված չէր, և հիմա վերջապես փորձ է արվում դա որոշելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկազար Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պատվիրակությունների ձևավորման նոր կարգին վերաբերող հարցեր: ՀԱԿ ղեկավարն ասաց, թե իրենց է ներկայացվել երեք նախագիծ, որը իրենք քննարկել են՝ ներկայացնելով իրենց դիտողությունները. «Բայց վերջնական որոշումը ԱԺ նախագահինն է»,- հավելեց նա: Մեր այն հարցին, թե ի՞նչ դիտողություններ է ներկայացրել ՀԱԿ-ը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախագիծը ներկայացնելու լիազորությունը ԱԺ նախագահինն է: Ես կարող եմ ասել ընդամենը մեր մոտեցումների մասին: Չնայած ընտրությունները կեղծվել են, խմբակցությունների թվաքանակը չի համապատասխանում իրականությանը, բայց դնելով դա մի կողմ, մեր մոտեցումները հետևյալն են, որ պետք է պատվիրակությունները կազմվեն համապատասխան նրանց թվաքանակների, որից հետո, երբ այդ թվաքանակները որոշված են, խմբակցություններն արդեն իրենք են որոշում, թե ո՞ւմ որ պատվիրակությունն են ուղարկում: Հիմնական մեր դիրքորոշումը սա է»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե փոփոխությունը «Ժառանգության» դեմ է միտված: Այս առնչությամբ հետարքրքվեցինք, թե ՀԱԿ ղեկավարը տեղի ունեցած քննարկումից նման տպավորություն ստացե՞լ է: Ի պատասխան՝ նա նշեց. «Ես ընդհանրապես տպավորություններից երբեք չեմ խոսում»: