
Պատվիրակությունների ձևավորման կարգի փոփոխությունը միտված է «Ժառանգության» դեմ. Զարուհի Փոստանջյան

ԱԺ-ում այսօր առավտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է անցկացրել խմբակցությունների ղեկավարների հետ՝ քննարկելու պատվիրակությունների ձևավորման նոր կարգին վերաբերող հարցեր: 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ասաց, որ պատվիրակությունների ձևավորման կարգի փոփոխությունը միտված է հենց «Ժառանգության» դեմ:
«Ներկայացված նախագիծը ուղղակի ավտորիտար ռեժիմին բնորոշ մի նախագիծ է: Նախկին կարգը ընդունվել է դեռ Արթուր Բաղդասարյանի կողմից, որի մեջ պարոն Աբրահամյանը ցանկանում է փոփոխություններ մտցնել, որ ավտորիտար ռեժիմին բնորոշ հնարավորություններ ընձեռվեն իրեն՝ ինքն անձամբ կազմի պատվիրակությունները, ընդգրկի նրան, ում ցանկանա: Միանշանակ է, որ այս կարգի փոփոխությունը Հովիկ Աբրահամյանը նախաձեռնել է հենց «Ժառանգության» դեմ: Մենք գիտակցում ենք՝ ում հետ գործ ունենք և շարունակելու ենք պայքարը»,- ասաց նա: Ըստ Զ. Փոստանջյանի Հովիկ Աբրահամյանը միայն մեկ ցանկություն է հետապնդում՝ իր ցանկությամբ ընտրել պատվիրակության անդամներին՝ չեզոքացնելով «Ժառանգության» գործունեությունը:
Փոստանջյանը հնարավոր կազմի առնչությամբ տեղեկություններ չհայտնեց՝ նշելով, թե չգիտի, բայց շեշտեց, որ ինչ որոշում ընդունվի կարգի վերաբերյալ, որը կհակասի ԱԺ կանոնակարգ օրենքին, միջագային պարտավորություններին, իրենք վիճարկվելու են: «Իրենց վաքագծին պատասխան կտրվի: Եթե իրենք ցանկանում են դասվել Բելառուսի կարգի պետության կարգավիճակին՝ խնդրեմ: Հենց նման երկրներում են ոտնձգություններ կատարվում խորհրդարանական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր դեմ է այս ամենը միտված, մեր՝ քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող կուսակցության դեմ, և եթե որևիցե մեկի իրավունքը սահմանափակվելու է, ապա դա «Ժառանգությունն» է լինելու»: