Nokia-ն թևնոց-համակարգիչ է արտոնագրել
Nokia-ն ԱՄՆ արտոնագրային մարմնին դիմում է ներկայացրել, որում նկարագրում է թևնոցի ձևով շարժական սարքը: Նոր սարքն ունի ինտեգրված սենսորային էկրաններ, որոնցից յուրաքանչյուրում ցուցադրվում են տարբեր տեղեկություններ: Արտոնագրի հայտում պատկերված գծապատկերում երևում է, որ թևնոցի մի էկրանին ցուցադրված է փոստի ծրագիր, իսկ մյուսում`լուսանկար, իսկ երրորդում` մեսենջեր և այլն:
Թևնոցի հայտը ներկայացվել էր դեռևս 2012 թվականի օգոստոսին, սակայն արտոնագրային մարմնի կայքում հրապարակվել է միայն 2013 թվականի հոկտեմբերին: Սարքի նկարագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ բաների, այն կարող է իրականացնել բջջային հեռախոսի գործառույթներ:
Սարքի մշակողներից մեկը` Քեյթ Լայոնսը պատմել է, որ թևնոցը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլ Nokia-ն ունի սարքի արդեն պատրաստի նախատիպը, որի կոդային անվանումը Facet է, այն բաղկացած է յոթ մասերից, որոնցից յուրաքանչյուրն իր առանձին էկրանն ունի: Էկրանի վրա մատներով անցնելով օգտվողը կարող է տեղաշարժել հավելվածները մի էկրանից մյուսը:
Իսկ թե արդյոք նշյալ սարքը ծրագրվում է երբևէ արտադրել, թե ոչ` հայտնի չէ: Հիշեցնենք, 2013 թվականի սեպտեմբերին Nokia ընկերությունը վաճառեց իր բջջային բիզնեսը Microsoft ընկերությանը: Գործարքը նախատեսվում է փակել մինչև 2014 թվականի սկիզբը: