
Շարմազանով. Ընդդիմությունը բոբո չէ, ոչ էլ իշխանությունն է բոբո

«Մեզ մոտ սխալ տպավորություն կա. եթե ընդդիմությունը չի հաղթում ընտրություններում և չի ավերում իշխանական բուրգը, ապա դա ընդդիմություն չէ, բանի պետք չէ: Բայց այդպես չէ»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ քաղաքակիրթ աշխարհում կան նորմալ աշխատանքային հարաբերություններ ընդդիմության ու իշխանության միջև, որոնց դրսևորման հիմնական թատերաբեմը Ազգային ժողովն է:
Է. Շարմազանովի խոսքով՝ այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասին ընդդիմությունն ու իշխանությունը կարող են տարբեր կարծիքներ ունենալ և դա, ըստ նրա, նորմալ է:
Բայց, ըստ ԱԺ փոխխոսնակի, ընդդիմադիրները պետք է լինեն կոռեկտության սահմաններում: «Կան ընդդիմադիր գործիչներ, ում հետ նորմալ հարաբերություններ ունենք, ընդդիմությունը բոբո չէ, ոչ էլ իշխանությունն է բոբո»: Է. Շարամազանովը կարծիք հայտնեց, թե ընդդիմությունը պետք է ունենա օրակարգ, կարողանա այլընտրանքային ծրագիր առաջարկել, որպեսզի քաղաքական կշիռը բարձրանա: «Քանի դեռ միայն ընտրությունների նախաշեմին ու ընտրություններից մի քանի ամիս հետո է ըդդիմությունը միանում, մեծ է հավանականությունը, որ այդ ընդդիմության արժեքը գրեթե հավասարվում է զրոյի»,- եզրափակեց նա: