Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Հաշվի առնելով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածության առկա և հետագայում աճելու միտումը` Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների,  տրանսպորտային հանգույցների, հետիոտնային անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքներ` նպատակ ունենալով դրանց գործարկմամբ էականորեն բարելավել երթևեկության վիճակը:
Այս համատեքստում Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է:

Ծրագրի շրջանակում վերակառուցվել և լայնացվել է երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 1 մ լայնությամբ երկկողմանի հետիոտնային մայթեր: Ավտոճանապարհը կառուցելուն զուգահեռ՝ ամբողջությամբ փոխվել են նաև հեղեղատար և կենցաղային կոյուղագծերը, որով լուծվել է նաև հարակից տարածքում բնակվող ավելի քան 10 հազար բնակիչների խմելու ջրի և կոյուղու՝ տասնամյակների խնդիրը: Ծրագրի առաջին փուլով այժմ ընթացքում են մայթերի կառուցման, հենապատերի բետոնացման, ճանապարհամերձ հողատարածքների բարեկարգման ու արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվի 86 հենասյուն՝ 172 լուսատուով:
2.6 կմ երկարությամբ և 9 մ լայնությամբ Ուլնեցի – Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհն առաջիկայում կլինի լիարժեք երթևեկելի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս