Բաժիններ՝

Եկեղեցի-պետություն փոխհարաբերություններին նվիրված գիտաժողովն ավարտեց աշխատանքները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովն ավարտեց իր աշխատանքները, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածի տեղեկատվական համակարգից:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում «Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունների տարբեր մոդելներն այսօր» թեմայի շուրջ բանախոսեցին Սերգեյ քահանա Մատյուշինը (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Ասատուր Նահապետյանը (Երևանի Հայ-ավետարանական-մկրտական քրիստոնյաների եկեղեցի): «Կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները» թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան դոկտոր Պետեր Կրոմերը (Ավստրիայի Ավետարանական եկեղեցու ղեկավար), մագ. Էլիզաբետա Կիտանովիչը (Եվրոպական եկեղեցիների կոնֆերանս, Եկեղեցի և հասարակություն հանձնաժողովի մարդու իրավունքների գծով գործադիր քարտուղար), Եվրոպական կառույցներում Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Նեկտարիուս Իոանիուն և Խոսե Լուիս Բազան (Միգրացիայի գծով իրավական խորհրդատու, Կաթոլիկ եպիսկոպոսների Եվրոպական հանձնաժողով):

«Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունները Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով չորրորդ նիստը սկսվեց ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի զեկույցով: Այնուհետև բանախոսություններով հանդես եկան նաև դոկտոր Թոմաս Սամուելյանը (Հայաստանում Ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան), Արտակ Զաքարյանը (ՀՀ ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ) և Տիգրան Մեսրոպյանը (ՀՀ Կառավարման ակադեմիա, քաղաքագետ): Գիտաժողովի եզրափակիչ նիստի ընթացքում տեղի ունեցավ քննարկում «Եկեղեցու դերը ՀՀ հասարակական կյանքում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ: Թեմայի քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններին, համատեղ ջանքերով փորձառությունների, մոտեցումների և տեսակետների փոխանակման անհրաժեշտությանը,  ինչպես նաև Մայր Եկեղեցու իրավունքները ոտնահարող գործընթացների կանխարգելմանը վերաբերող հարցերի: Գիտաժողովի ավարտին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին գիտաժողովին մասնակցության համար` ընդգծելով, որ նման միջոցառումները   համատեղ փորձի փոխանակման միջոցով առավել պիտի նպաստեն երկխոսությունների զորացմանը: Դրական գնահատելով և ամփոփելով երկօրյա գիտաժողովի արդյունքները` մասնակիցները կարևորեցին նման գիտաժողովների գումարման շարունակական լինելը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս