20 համարի երթուղու վարորդները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը
Գյումրիում այսօր բողոքի ցույց են անցկացրել 20 համարի երթուղու վարորդները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրու քաղաքապետի որոշմամբ կասեցվել է 20 համարի երթուղու աշխատանքը, հաղորդում է ԳԱԼԱ-ն: Քաղաքապետարանից փոխանցել էին, որ քաղաքապետը գործել է համաձայն կառավարության 2001թվականի օգոստոսի 16-ի 762 որոշման, հայտնաբերվել է պահանջներին անհամապատասխանություն, մի քանի կոպիտ խախտումներ, ինչի արդյունքում կասեցվել է երթուղու գործունեությունը:
Այսօր առավոտյան ճանապարհային ոստիկաններն այցելել են Գարեգին Նժդեհի հրապարակ և հավաքված վարորդների տեղեկացրել, որ իրենց գործունեությունն անօրինական է, և որ գիծ դուրս եկող ցանկացած միկրոավտոբուս կտեղափոխվի տուգանային հրապարակ, և ցանկացածի նկատմամբ կկազմվի մինչև 50 հազար դրամի ակտ: Վարորդների փոխանցմամբ երկու մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ ճանապարհային ոստիկանների կողմից: Սա առաջացրել է վարորդների զայրույթը: Վերջիններս որոշել են գնալ կտրուկ քայլերի: Փակել են Նժդեհի հրապարակից քաղաքի տարբեր հատվածներ տանող բոլոր ճանապարհները՝ Գյումրի-Երևան, Գյումրի-Ախուրյան և հարակից տարբեր փողոցների ճանապարհահատվածներ:
«Մենք զանգեցինք տրանսպորտի նախարարություն, ասեցինք, որ մեր գիծը կասեցվել է, ասին՝ մենք նման տեղեկություն չունենք, ու էդ ընթացքում ավտոների վրա 50 հազար տուգանք կգրեն, էն պարագայում, որ էդ մարդը օրական 2-3 հազար դրամ փող կտանի տուն: Եթե անօրինական կաշխատինք, բան չունիմ ասելու, թող բացատրեն հասկանան, որովհետև տարիմ արդեն անցել է, մենք աշխատել ենք, հիմի ինչի համար կկասեցնեն մեր գործունեությունը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են վարորդները:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: