
ԼՂ-ն Հայաստանի կողմից ճանաչման կարիք չունի, ու դրանք մեկ պետություն են. Վահրամ Աթանեսյան

ԼՂ-ն ՀՀ-ի կողմից ճանաչման կարիք չունի, ԼՂՀ-ն ու ՀՀ-ն մեկ պետություն են` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում քննարկված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին:
Նա նշել է, որ չկա մի նախադեպ, որ մի երկիր իր անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչի օրենքով: Ըստ նրա՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև չի կարող գործել նախադեպ, երբ Հայաստանն օրենքով ճանաչի ԼՂ անկախությունը:
«ԼՂ-ն ՀՀ-ի կողմից ճանաչման կարիք չունի, քանի որ փաստացի մենք ՀՀ-ի հետ գտնվում ենք միևնույն քաղաքական և ռազմական անվտանգության, տնտեսական, դրամավարկային և այլ, և այլ միևնույն դաշտում, ուստի անիմաստ կլինի, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂ անկախությունը, մանավանդ` եթե դա արվի օրենքով: Գործում է 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումն այն մասին, որ ԼՂ-ն ու ՀՀ-ն մեկ պետություն են, ավելին` այդ որոշումն ընկած է Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիմքում, իսկ հռչակագիրը ՀՀ գործող Սահմանադրությունն է, թող գնան Սահմանադրությունը փոխեն, որից հետո քննարկեն ԼՂ անկախության ճանաչման-չճանաչման հարցը»,- ասել է Վահրամ Աթանեսյանը՝ շարունակելով, որ նման առաջարկները հակված է գնահատել որպես քաղաքական պոպուլիզմ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: